
Իրանի վրա հարձակման շուրջ հիմնական թեմաներից մեկn են այն հաղորդագրությունները, որ ամերիկացիները մտադիր են հրահրել իրաքցի քրդերին՝ Իրանի դեմ ցամաքային արշավ անցկացնելու: Մինչդեռ որոշ քրդական ուժեր հայտարարել են Իրան մտնելու իրենց մտադրության մասին, քրդական հիմնական կուսակցությունները կտրականապես հերքել են, որ կմասնակցի Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավին։
Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ ամերիկացիները քրդերին առաջարկում են միջամտություն՝ սեփական պետություն ստեղծելու դիմաց, հիշեցնելով, որ քրդերը այն քիչ ազգերից են, որոնք, չնայած 30 միլիոնից ավելի բնակչությանը, չունեն սեփական պետություն: Քրդերը կենտրոնացած ապրում են Իրանի, Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի տարածքներում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ քրդական պետության մասին հիշատակվել է 1920 թվականի Սևրի պայմանագրում, բայց արդյունքում Քուրդիստանը այդպես էլ չի հայտնվել քարտեզի վրա: Մասնագետները նշում են, որ պատճառներից մեկն այն է, որ քրդերը չեն էլ ցանկանում պետություն ստեղծել՝ նախընտրելով ինքնավար ապրել այլ երկրներում: Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության զենքը վայր դնելու համաձայնության պայմաններից մեկը՝ Թուրքիայի կազմում ինքնավար շրջանի ստեղծումն էր։
Եթե քրդերը չեն ձգտում պետություն ստեղծել, ապա նրանց միջամտությունը Իրանի պատերազմին անխոհեմ կլինի։
Հատկապես այն բանից հետո, երբ Իրանը հինգշաբթի օրը հարվածեց Իրաքյան Քրդստանում որոշ քրդական ուժերի շտաբին։
«Մենք երեք հրթիռային հարված հասցրեցինք Իրաքյան Քրդստանում հեղափոխությանը դեմ հանդես եկող քրդական խմբավորումների շտաբերին», – հաղորդել է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական հայտարարությանը։
Իրաքյան Քրդստանը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին, հայտարարել է նախագահ Նեչիրվան Բարզանին։
Էրբիլում գտնվող Քրդստանի տարածաշրջանային կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ազիզ Ահմադը սոցիալական ցանցերում գրել է, որ ոչ մի իրաքցի քուրդ չի հատել Իրանի հետ սահմանը. սա բացարձակապես կեղծ տեղեկատվություն է։
Իրաքյան Քրդստանը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական հակամարտությանը, հայտարարել է տարածաշրջանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին։
Միևնույն ժամանակ, Իրանական Քրդստանի Դեմոկրատական կուսակցության (PDKI) առաջնորդ Մուստաֆա Հիջրին կոչ արեց «բոլոր զինվորներին և զինծառայողներին, ովքեր ունեն խղճմտանք և ազատության ցանկություն ամբողջ Իրանում, հատկապես Քրդստանում, լքել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բանակի և այս ռեժիմի զինված ուժերի կայազորները, անվտանգության բազաները և ռազմական բազաները»։
Պատերազմի սկսվելուց վեց օր առաջ Իրաքում ապաստան գտած հինգ քրդական իրանական խմբավորումներ հայտարարեցին Իրանի դեմ պայքարելու համար Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիայի ստեղծման մասին: Այս քրդական խմբավորումներն իրենց տրամադրության տակ ունեն հազարավոր զինվորներ Իրան-Իրաք սահմանի երկայնքով։
Իրանական քրդական աշխարհազորայիններին աջակցում են Մոսադը և ԿՀՎ-ն, ըստ երկու ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների, ինչպես նաև իրավիճակին ծանոթ երրորդ աղբյուրի։
Պաշտոնյան նշել է, որ իսրայելցի պաշտոնյաները քրդական իրանական խմբավորումներին խոստացել են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական աջակցություն ապագայում Իրանում քրդական ինքնավար շրջանի ստեղծման համար, եթե ռեժիմը փլուզվի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ նախագահ Թրամփը չի համաձայնել քուրդ-իրանական աշխարհազորայինների կողմից ռեժիմի դեմ հարձակմանը աջակցելու որևէ ծրագրի։ ԿՀՎ-ն և Մոսադը հրաժարվել են մեկնաբանություն տալ, հաղորդում է Axios-ը։