
«Իրանը թող չմոռանա, թե ինչպես մենք վերջ տվեցինք հայկական օկուպացիային», – այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք մեր հզորությունը ցուցադրել ցանկացած չարագործ ուժի, այնպես, ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային», – հայտարարել է Ալիևը՝ մեկնաբանելով Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածը։
«Այն պատվազուրկ մարդիկ, որոնք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունը, զղջալու են։ Նրանք չպետք է խաղան մեր համբերության հետ։ Ով ուզում է անել դա՝ կկործանվի «Երկաթե բռունցքի» կողմից», – հայտարարել է նա։
«Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացիոն թիվ մեկ վիճակի են բերվել», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ ուժերը «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։
Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի Հանրապետության հանդեպ։
«Դա արվում էր այն պատճառով, որ նրանք շատ լավ գիտեն՝ անկախ ադրբեջանական պետությունն այսօր հույսի աղբյուր է Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար», – հայտարարել է Իլհամ Ալիևը։