Պարզվում է ապագա քվեարկության համաչափությունը

  • 16:12 06.03.2026

Եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները։

Երկրորդ տեղում է «Տաշիր» գրուպի սեփականատեր, այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակիցներին միավորող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ նրանց օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 9 տոկոսը։

Երրորդ տեղի համար պայքարում են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Այս ուժերի օգտին փետրվարի սկզբի դրությամբ պատրաստ էր քվեարկել հայաստանցի ընտրողների երեքական տոկոս։

Հետազոտության մասնակիցների 30 տոկոսը կամ չի որոշել դեռ, թե ում օգտին է քվեարկելու, կամ էլ դժվարացել է պատասխանել։ Ընդհանուր առմամբ, սակայն, հարցվածների 68 տոկոսը պնդել է՝ հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս։

Անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 20 տոկոս է։ Փաշինյանին, ի դեպ, ամենաքիչը վստահում են երիտասարդ ընտրողները՝ ընդամենը յոթ տոկոսը։ Երկրորդ տեղում է միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Նրան վստահում է հայաստանցիների 10 տոկոսը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է ընտրողների 5, Գագիկ Ծառուկյանին՝ 4 տոկոսը։

Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 61 տոկոսը՝ 2025 թվականի հունիսին արձանագրված 58 տոկոսի համեմատ։

Հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP նախագծի կյանքի կոչմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Նախագծին միանշանակորեն կողմ է հարցվածների 24, մասամբ՝ 20 տոկոսը։