
Ռիմա Պետրոսյանը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից է։ Որդու՝ Դանիելի հետ ապրում էր Ստեփանակերտ քաղաքում։ Զբաղվում էր ֆլորիստիկայով, Ստեփանակերտում ուներ ծաղկի իր խանութը։ Արցախից տեղահանավելուց հետո բնակություն է հաստատել Մասիս քաղաքում։
Ռիման որոշել է շարունակել իր գործունեությունը և Մասիսում զբաղվում է իր սիրած գործով։
-Արցախից տեղահանվելուց հետո, ինչպես բոլորը, ես ևս շատ վատ կացության մեջ էի։ Քանի որ որդուս խնամքն իմ ուսերին է, պետք է ինչ որ քայլեր ձեռնարկեի։ Ընկերուհուս հետ ծաղկի խանութ բացեցինք ու սկսեցինք միասին աշխատել։ Որոշ ժամանակ հետո որդուս հետ մեկնեցինք Գերմանիա՝ այնտեղ ապրելու համար։ Մնացինք շուրջ մեկ տարի, սակայն չկարողացանք հարմարվել ու վերադարձանք։
Մոտ երեք ամիս է, ինչ Մասիս քաղաքում վերաբացել եմ ծաղկի խանութը՝ վարձակալելով տարածքը։ Քանի որ այստեղ տեղահանված արցախցիները մեծաքանակ են, հիմնական հաճախորդներս հենց նրանք են։ Կարելի է ասել, որ իմ ծաղկի խանութը նաև հավաքատեղի է մեր հայրենակիցների համար։
Այցելուները, երբ գալիս են ծաղկի սրահ, մինչև ընտրում են ծաղիկները, հասցնում են ծանոթանալ իրար հետ, զրուցել, խոսել ապագա ծրագրերի մասին։ Իմ սրահում միշտ արցախյան կոլորիտ է։ Մեր բարբառը ոգեշնչում է մեզ, տանում հիշողությունների գիրկը։
Աշխատում եմ այնպես անել, որ այցելուները գոհ լինեն իմ սպասարկումից։ Միշտ էլ սիրել եմ այդ աշխատանքը և այն կատարել եմ մեծ սիրով։ Ամեն մի փունջ հավաքելիս մտքով սլանում եմ Ստեփանակերտ, հիշում, թե ինչպիսի եռանդով ու լավատեսությամբ էինք աշխատում։ Այստեղ ևս աշխատում եմ հավատարիմ մնալ իմ էությանը։ Ծաղիկների հետ երբեմն զրուցում եմ, ստանում դրական էներգիա։ Բնության տված այս հրաշքներին նայելիս անգամ դեմքդ ժպիտով է պարուրվում։ Անկախ ամեն ինչից աշխատում եմ բարձր տրամադրությամբ հավաքել ծաղկային կոմպոզիցիաները, ծաղկեփնջերը, մատուցել նորովի։ Դա մեծ նշանակություն ունի, այլապես ինչ-որ բան այնպես չի ստացվի։ Իմ մոտ ծաղիկները միշտ թարմ են, գները՝ մատչելի։
Արցախից տեղահանված միայնակ մայրը ասում է, որ բնակապահովման ծրագրից հավանաբար չի կարողանա օգտվել, որովհետև 2 հոգու համար նախատեսվող գումարով հաստատ չի կարող բնակարան ձեռք բերել։ Հիփոթեքային վարկ նույնպես չի կարող վերցնել, քանի որ բիզնեսն սկսելու համար արդեն բանկից վարկ է վերցրել, որը դեռևս մարված չէ։
Ռիման միաժամանակ լավատեսությամբ է լցված
-Միշտ էլ լավատես եմ եղել։ Դժվարությունները մարդու համար են, և մարդ միշտ ուժ կգտնի դրանք հաղթահարելու համար, եթե, իհարկե, իր առջև նպատակ դնի։ Իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս չվհատվել, քայլել առաջ։ Երբեք չպետք է կորցնել համարձակությունը որևէ գործ սկսելու համար։ Հավատացե՛ք, ոչ մի բան հեշտությամբ չի տրվում, սակայն անհնարին ոչինչ չկա։
Կարինե Բախշիյան