Թրամփը ցանկանում է մասնատել Իրանը, Ալիևին Արցախի և «միջանցքի» համար հաշիվ են ներկայացրել

  • 13:25 08.03.2026

Իրանում պատերազմի 10-րդ օրը նշանավորվեց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանը մասնատելու մտադրության մասին բացահայտ հայտարարություններով: Այդ նպատակով Թրամփը մտադիր է օգտագործել քրդերին, գրավել կղզին, որտեղ պահվում է Իրանի նավթի մեծ մասը, ցամաքային զորքեր ուղարկել Սպահան, որտեղ պահվում է ուրանը, և Ալիևին ներկայացնել “հաշիվ”՝ Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը լրագրողներին ասել է, որ ներկայիս պատերազմի ավարտից հետո «Իրանի քարտեզը, հավանաբար, այլ տեսք կունենա»։ Նա նաև նշել է, որ չի ցանկանում, որ քրդերը միանան պատերազմին, չնայած ԱՄՆ-ին օգնելու նրանց պատրաստակամությանը։

ԱՄՆ-ն փորձում է քաոս սերմանել Իրանում՝ հետագայում այն մասնատելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ըստ Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքի։ ԱՄՆ-ն բանակցություններ է վարել քրդական ցեղերի հետ՝ նրանց Իրանի կառավարության դեմ մոբիլիզացնելու համար, բայց վերջին րոպեին «նրանց մենակ է թողել», – ասել է Լարիջանին։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «չի ճանաչում Մերձավոր Արևելքը»։

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի Խարգ կղզու բռնագրավման հարցը, Axios-ին հայտնել են վարչակազմի պաշտոնյաները։

Խարգ կղզին գտնվում է Պարսից ծոցում և պարունակում է լողացող տանիքներով նավթի պահեստարաններ։ Հրատարակությունը բացատրում է, որ այն ռազմավարական նշանակություն ունեցող տերմինալ է, որը կազմում է Իրանի հում նավթի արտահանման պաշառի մոտ 90%-ը։

Axios-ը հաղորդում է, որ ուսումնասիրվում է նաև Իրան հատուկ նշանակության ջոկատներ ուղարկելու հնարավորությունը՝ հարստացված ուրանի պաշարները «ապահովելու» համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պաշարները կարող են գտնվել Սպահանում 2025 թվականի պատերազմից հետո ավերակների տակ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանի ներսում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերի դեմ, հաղորդում է AFP-ն։

«Մենք դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված բոլոր սցենարներին, որոնք թիրախավորում են էթնիկ կամ կրոնական տարբերությունները», – Ստամբուլում լրագրողներին ասել է Ֆիդանը։

Միևնույն ժամանակ, Թուրքիան անմիջապես աջակցություն է հայտնել Ալիևին, ով Նախիջևանի օդանավակայանի վրա ենթադրյալ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին, բայց հետո լռել է։

ԱՄՆ-ն և Իսրայելը հաշիվ են ներկայացրել Ալիևին. ժամանակն է «վճարել» Արցախը գրավելու և հայաթափելու թույլտվության համար, Նախիջևանը «Ադրբեջանի մաս» ճանաչելու և հայկական տարածքի հաշվին «միջանցք» նվիրելու համար։ Սակայն Ալիևը լավ գիտի, թե ինչ կարող է պատահել իր հետ, եթե բացահայտորեն մտնի պատերազմի մեջ և փորձի ներսից խաթարել Իրանը։ Հայաստանի դեպքում լավագույն երաշխիքը Հայաստանի չդիմադրելու համաձայնությունն էր։ Իրանի դեպքում նման երաշխիքներ չկան։ Սակայն Ալիևն արդեն դժվարանում է դիմադրել ԱՄՆ ճնշմանը։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է մարտի 5-ին Իրանի ռեժիմի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված անօդաչուների չհրահրված հարձակումը, որի թիրախը Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու դպրոցն էր, որի հետևանքով անմեղ քաղաքացիական անձինք տուժեցին, ինչպես նաև վնասվեցին կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս հարվածները Ադրբեջանի ինքնիշխանության կոպիտ խախտում են և Իրանի ագրեսիայի ավելորդ սրում։ Միացյալ Նահանգները լիակատար համերաշխություն է հայտնում Ադրբեջանին այս սպառնալիքների առջև։ Մեր տարածաշրջանային գործընկերների վրա հարձակումները անընդունելի են և կարժանանան ԱՄՆ-ի կողմից այդ գործընկերների նկատմամբ ամուր աջակցությանը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Մենք հայտարարում ենք մեր հարևան պետությանը՝ Ադրբեջանին, որպես մուսուլմանական երկիր, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է հեռացնել սիոնիստներին իր տարածքից և չսպառնալ սեփական ժողովրդի և Իրանի անվտանգությանը», – ասել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ Խաթամ ​​ալ-Անբիան։

Իրանը որևէ խնդիր չունի Ադրբեջանի հետ, բայց եթե «այնտեղից ինչ-որ բան գա», Թեհրանը կձեռնարկի պատասխան միջոցներ, հայտարարել է Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։ «Եթե հարևան երկրները ցանկանան հարձակվել մեր երկրի վրա և ագրեսիա իրականացնել, մենք ստիպված կլինենք պատասխանել այդ հարձակումներին», – ասել է Իրանի նախագահը։