Ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին․ Ագարակ

  • 19:16 11.03.2026

Հայ-իրանական սահմանին Ագարակի անցակետում թվում է, թե արտառոց ոչինչ չի կատարվում, թեկուզ հայ սահմանապահն ասում է, որ “չի կարող ասել, անցակետը բաց է, թե փակ”:

Այս պահին հազվագյուտ իրանցիներ են գաիս Հայաստան, ովքեր հիմնականում բաց չեն խոսելու համար: Ինչեւէ, իրանցի մի կին ասում է, որ հիմնականում մարդիկ փողի համար չեն կարողանում երկիրից դուրս գալ: “Ոչ դեղ ենք կարողանում գնել, ոչ սնունդ: Առաջին օրն, իհարկե, սարսափելի էր, բայց այնպես չէ, որ հիմա լավ է: Ավելին, պատերազմը տարածվել է Թեհրանի շուրջ: Մարդիկ նկուղներում ու տանն են գերադասում մնալ, քանի որ այդպես ավելի ապահով են համարում”:

Այս կինը Հայաստան է եկել ընտանիքով` երրորդ երկիր տեղափոխվելու համար, որը չի ցանկանում նշել:

Իրանական բեռնատարների հոսքը կարծես նվազել է, ավելի շատ հայկական եւ վրացական համարանիշերով բեռնատարներ են հանդիպում Սյունիքում:

Բեռնատարներն ելումուտ են անում անցակետում:

Ագարակում տեղացիները նույնպես չգիտեն, բաց է թե փակ է անցակետը: “Ամեն ժամ բան է փոխվում, չգիտենք: Այսօր փակ է, օրինակ, բայց չենք կարող ասել, մեկ ժամ հետո ինչպես կլինի”, ասում է տեղացի տաքսու մի վարորդ:

Տեղացի մեկ ուրիշն ասում է, որ ոչ մի ռումբի ձայն չեն լսել: “Սուտ է, որ ասում են Կապանում լսել են, մեր քթի տակ, ոնց է, մենք չենք լսել, իրենք լսել են…”, ասում է մի մեղրեցի:

Դե իսկ Մեղրու երկաթուղում էլ ժանգոտ վագոններն շարունակում են կանգնած մնալ, Արաքսն էլ իր հունով դեպի ծով է հոսում: Միակ բանն, որ փոխվել է “Թրամփի ուղում”, դա նոր հայկական դրոշն է, որին հանգիստ և ուշադիր նայում է Նոր Զելանդիայից մի տուրիստ:

Մարութ Վանյան