
Վերջին ժամանակաշրջանում բավականին ակտիվացել է արցախցիների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկությունը։ Օնլայն հարթակների մեկնաբանություններից և առանձին մարդկանց կարծիքները լսելով՝ հասկանալի է դառնում, որ այն պայմանավորված է բնակապահովման ծրագրից օր առաջ օգտվելու հնարավորության հետ։ Քանի որ այլևս հնարավոր չէ և՛ բնակարանի վարձավճար վճարել, և՛ հոգալ կենցաղային մնացած հարցերը։ Առանձնապես մեծ խնդրի առաջ են կանգնել այն մարդիկ, ովքեր ոչ մի սոցիալական աջակցությունից չեն օգտվում։
Սակայն քաղաքացիություն ստանալն էլ այնքան հեշտ չէ։ Արցախցիներից շատերը դժգոհ են, որ այդ գործընթացը ձգձգվում է ամիսներով, ստեղծելով արհեստական դժվարություններ։
Ստեփանակերտ քաղաքից տեղահանված Անահիտն արդեն մեկ ամիս է, ինչ օնլայն հայտ է լրացրել քաղաքացիություն ստանալու համար։
-Քանի որ 2026 թվականի հունվարից այլևս թղթային դիմումներ չեն ընդունում, ես օնլայն եմ հայտ ներկայացրել, որին ի պատասխան հաղորդագրություն ստացել հայտը վարույթ ընդունելու մասին։ Անցել է ավելի քան 25 աշխատանքային օր, սակայն այցելության օր նշանակելու համար նոր հաղորդագրություն չեմ ստացել։ Երեք անգամ զանգահարել եմ թեժ գիծ, որպեսզի իմանամ, թե գործընթացն ինչ ընթացքում է, ինչումն է խնդիրը։ Վերցրել են տվայլներս, ասելով, որ կփոխանցեն համապատասախան բաժին, սակայն մինչև այսօր պատասախան չկա։
Քաղաքացիություն ընդունելու իմ շտապողականությունը կոնկրետ կապված է բնակապահովման ծրագրից օգտվելու հետ։ Այլևս հնարավոր չէ ողջ աշխատավարձս ուղղել տան վարձավճարին ու մնալ դատարկաձեռն։ Ունեմ երկու երեխա։ Նրանց տրամադրվող աջակցության գումարով ենք գոյատևում։ Ինձ նման շատ մարդիկ կան, ովքեր սպասում են քաղաքացիություն ընդունելուն։ Լսել եմ, որ փաստաթղթերը վերջնական հանձնելուց հետո ամիսներ անց միայն կարող է քաղաքացիություն շնորհվել։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Արցախցիները սոցցանցերում ահազանգում են, որ չնայած այն խոստումներին, թե արցախցիներին նոր անձնագրեր կտրամադրվի 2 ամսվա ընթացքում, մարդիկ 5-6 ամսով սպասում են։
Simonyan Dawid-ը գրւմ է, որ Արցախից փախստականներին արհեստականորեն մերժում են Հայաստանի քաղաքացիություն տրամադրելը։ “Ես և իմ ընտանիքը դիմում ենք պետական մարմիններին ամեն անգամ, երբ փորձում ենք քաղաքացիություն ստանալ, և ամեն անգամ մերժում են՝ ասում են՝ գնանք դժոխք։
Եթե որևէ մեկը չի հավատում ինձ, կարող եք այցելել նույն պետական մարմիններ՝ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։
Կան երկու պատճառ. որպես քաղաքացի չհանդիսացողներ՝ մենք չենք կարողանա քվեարկել ապագա ընտրություններում, և երկրորդ՝ փախստականների բնակարանների համար ֆինանսական օգնությունը մեզ չի տրամադրվում, այլ շրջանառվում է բանկերում՝ միլիարդավոր դոլարներ վաստակելով տոկոսների տեսքով”։
“Քաղաքացիության” կամ նոր ՀՀ անձնագրեր ստանալու հարցը կառավարությունը հեշտությամբ կարող էր լուծել ավտոմատ կերպով, ինչպես մարդկանց կամքից անկախ բորոր արցախցիներին ավտոմատ կերպով տրամադրել է “ժամանակավոր պաշտպանություն”։ Այդ կարգավիճակը զրկել է արցախցիներին փախստականի միջազգային կարգավիճակ ստանալում, միաժամանակ “զրոյացրել է” նրանց ՀՀ քաղաքացիությունը, որն արցախցիներին տրամադրվել է ավտոմատ կերպով 30 տարի առաջ։