
Երեկվա ցնցող հայտարարություններից հետո, որոնք սակայն բողոքի ցույցեր և քաղաքական մանիֆեստներ չհրահրեցին, Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ապագայի համար ամբողջ պատասխանատվությունը վերջնականորեն դրեց հայ հասարակության վրա։ Նա ագրեսիվորեն հիմք է դնում այն պնդման համար, որ ժողովուրդը հեղափոխություն չարեց, երբ Փաշինյանը կոչ արեց մոռանալ Արցախի մասին և Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը։ Ուրեմն, ժողովուրդը համաձայն է, այսինքը՝ պատասխանատու։
Փաշինյանի երեկվա հայտարարությունները սկզբից ցնցեցին հանրությանը, բայց ոչ մի կուսակցություն կամ հասարակական ուժ բողոքի ակցիաների կոչ չանեց։ Ոչ մի կուսակցություն չհայտարարեց իր աջակցությունը Արցախի դեօկուպացիային կամ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման իրականացմանը։ Ոչ մի կուսակցություն չպաշտպանեց Անկախության հռչակագրի պահպանումը ապագա Սահմանադրության մեջ։
Ավելին, այն ուժերը, որոնց Փաշինյանը անվանել է «պատերազմի կուսակցություն», ևս պաշտպանեցին խաղաղությունը, իսկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ «արցախցիների վերադարձը» անիրատեսական է, և, հետևաբար, անհրաժեշտ է օգնել արցախցիներին հաստատվել Հայաստանում։ Բացի այդ, այսօրվա Եկեղեցական խորհուրդը իր հայտարարության մեջ որևէ հիշատակում չարեց Արցախում եկեղեցիների պահպանման մասին։
Այնպես որ, իշխանության և այլ կուսակցությունների կողմից արված հայտարարությունների մեջ տարբերություն չկա՝ կապված Արցախի, Անկախության հռչակագրի կամ 1991 թվականի սահմանների վրա հիմնված քարտեզի հետ։ Ստացվում է, որ քաղաքական կուսակցությունները նույն բանի համար կպայքարեն, բայց միջազգային գործընկերներն ավելի շատ են “հավատում” Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուսները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չշեղվի իր ներկայիս ուղուց։ Պարզապես, եթե նախկինում բաժանում էին «սևերի» և «սպիտակների», «նախկինների» և «ներկաների», «ղարաբաղյան կլանի» և «հայաստանցիների», «ռուսամետների» և «արևմտամետների», այժմ մի կողմը կլինի «խաղաղության կուսակցությունը», իսկ մյուսը՝ «պատերազմի կուսակցությունը»։ Ովքեր կողմ են խաղաղությանը, հետևեք ինձ, այսօր կոչ արեց Փաշինյանը։
Քանի որ երեկ Փաշինյանի ցնցող հայտարարություններից հետո հեղափոխություն տեղի չունեցավ, դա նշանակում է, որ հասարակությունը պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի ապագայի համար։ Արդյո՞ք այն խաղաղ կլինի, ինչպես խոստանում է Փաշինյանը, թե՞ Երրորդ Հանրապետությունը կլուծարվի, իսկ Չորրորդ Հանրապետությունը չեն հասցնի ստեղծել։