
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում:
«Մենք հնարավորինս շուտ կհրապարակենք Սահմանադրության տեքստը։ Ակնհայտ է, որ հանրաքվեն չի կարող անցկացվել ընտրությունների հետ միաժամանակ։ Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ժամանակ կունենանք հանրության հետ շփվելու համար», – ասաց Գալյանը։
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը չպետք է հղումներ պարունակի Անկախության հռչակագրին, քանի որ դա կհանգեցնի հակամարտության։
Արդարադատության նախարարի հայտարարությունը, որ սահմանադրական հանրաքվեն չի անցկացվի ընտրությունների հետ միաժամանակ, չի նշանակում, որ Սահմանադրությունը չի կարող ընդունվել ընտրություններից առաջ։ Տարածաշրջանում իրավիճակը փոխվում է, ինչպես նաև Հայաստանի ներքին իրավիճակը, և ընտրություններից երկու ամիս առաջ ոչ ոք վստահ չէ դրանց արդյունքի մեջ։ Ահա թե ինչու սահմանադրական հանրաքվեն, որը տարածաշրջանային և համաշխարհային գործիչների համար շատ ավելի կարևոր է, քան Փաշինյանի կամ որևէ մեկի ընտրությունը, կարող է անսպասելիորեն տեղի ունենալ ընտրություններից առաջ։
Շատ բան կախված կլինի Իրանում պատերազմի ընթացքից, նաև դրանից, թե արդյոք մայիսի սկզբին եվրոպացի առաջնորդները կժամանեն Հայաստան, և թե արդյոք «կհաստատվի» Հայաստանի գոյության իրավունքը։