
2020 թ․ պատերազմից հետո Հայաստանում խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց նախընտրական ծրագիր, որտեղ խոսվում էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման և նրանց անվտանգության ու բարգավաճման ապահովման մասին: Չնայած քչերն էին հավատում քարոզարշավի խոստումներին, բայց այն ժամանակ շատերը կարծում էին, որ պարզապես այլ ճանապարհ չկա, և որ Հայաստանի իշխող կուսակցությունը ամեն ինչ ճիշտ է անում: Ավելին, ընդդիմադիր կուսակցությունները այլ բան չէին առաջարկում՝ ո՛չ վերանայել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությն պայմանները, ո՛չ վիճարկել ռուս խաղաղապահների ներկայությունը և դրանք ՄԱԿ-ի ուժերով փոխարինել, ո՛չ էլ իրականացնել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման վերաբերյալ:
2026 թվականի ընտրություններին նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է հակառակ օրակարգով՝ արգելելով ոչ միայն «Արցախ» բառը, այլև անկախ Հայաստանի 35-ամյա պատմությունը, որը իրականում սկսվել է 1989 թվականի որոշումից և անբաժանելիորեն կապված է Արցախյան շարժման հետ:
2023 թվականի բռնի տեղահանումից հետո, երբ տասնյակ հազարավոր հյուծված մարդիկ ժամանեցին Արցախից, Հայաստանի կառավարությունը, նրանց անվանելով «եղբայրներ և քույրեր», մեթոդաբար անհաղթահարելի “ականապատ գոտի” ստեղծեց արցախցիների և մնացած հայաստանցիների միջև, չնայած երկուսն էլ նույն հայկական անձնագրերն ունեն։ Նախանձելի համառությամբ արցախցիներին մեկուսացրեցին քաղաքական և հասարակական գործընթացներից, պետական ծառայությունից, իսկ նրանց սոցիալական և ֆինանսական կայունությունը լիովին կապվեց կառավարության քմահաճույքներին։ Միակ բանը, որ արցախցիները ստանում էին՝ մեկ անձի համար 50,000 դրամն էր, որը 1.5 տարի շատերին թույլ տվեց շունչ քաշել և փորձել սկսել զրոյից։
Անցյալ գարնանից ի վեր կայուն ֆինանսական օգնությունը նույնպես դադարեց, և Արցախի և արցախցիների թեման տոքսիկ դարձավ սոցիալ-քաղաքական ոլորտում։ Ամենաբարձր մակարդակներում արցախցիներին մեղադրում էին վատ ղեկավարներ ընտրելու, Ռուսաստանին և Պուտինին չափազանց սիրելու և Հայաստանի հետ չինտեգրվելու մեջ, այս ամենը ուղեկցելով դաժան ատելության խոսքով։ Որոշ ժամանակ անց Արցախի թեման ամբողջությամբ ջնջվեց հանրային և լրատվական տարածքից, կարծես վերջին 35 տարիները տեղի չեն ունեցել։
«Լռությունը» շարունակվեց մինչև վերջերս, երբ պարզվեց, որ Փաշինյանն անձամբ “խնդրել” է Ցեղասպանության թանգարանի տնօրենին հրաժարական տալ պարզապես այն պատճառով, որ նա ԱՄՆ փոխնախագահին գիրք է նվիրել, որտեղ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները նկարագրվում են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն: Փաշինյանը խոստացել է, որ «պետության» յուրաքանչյուր ոք, ով կհիշատի Արցախի հարցը, որը, ըստ նրա, ինքն ու Ալիևը արդեն «լուծել են», կազատվի աշխատանքից։
Այս հայտարարությունից հետո չեզոք և նույնիսկ օտարերկրյա գործատուները ընդհանրապես դադարեցին աշխատանքի ընդունել արցախցիներին՝ ամոթանքով բացատրելով, որ հիմա նրանց աշխատանքի ընդունելու լավագույն ժամանակը չէ: Շատ լրատվամիջոցներ նույնպես դադարեցին հիշատակել արցախցիների խնդիրները՝ չար ու փորձանքից հեռու: Իսկ հազվագյուտ հիշատակումները «մեկնաբանությունների» այնպիսի տարափ առաջացրին, որ հաջորդ անգամ «անհասկացող» լրատվամիջոցները երկու անգամ կմտածեն, նախքան «թունավոր» արցախցիների մասին գրելը։
Արցախցի լրագրող և բլոգեր Դավիթ Սիմոնյանը վերջերս «Кавказский узел»-ում հրապարակել է Ստեփանակերտում վերջին օրերի մասին իր երեք վավերագրական ֆիլմերը: Դավիթ Սիմոնյանի գրառումը մեկնաբանությունների իսկական իններորդ ալիք առաջացրեց, որոնցից ամենանշանակալին, թերևս, Բաքվից եկածն էր. «Հայե՛ր, դեռ չե՞ք հանգստացել»։
Բաքվում բնակվող քաղտեխնոլոգների և նրանց մասնաճյուղերի՝ Երևանում (կամ հակառակը) հաշվարկներով՝ հայերը, այդ թվում՝ արցախցիները, վաղուց պետք է հանդարտվեին և պարզապես կորեին։ «Միայն ուժն է այժմ արդյունավետ. միջազգային իրավունք չկա», – գրում են բաքվեցիները։ Սակայն չգիտես ինչու նրանց նախագահը պահանջում է, որ Հայաստանը չեղյալ հայտարարի 1989 թվականի որոշումը, քանի որ, ըստ միջազգային իրավունքի, Արցախը Հայաստանի մաս է կազմում։ Եվ միայն Հայաստանի ժողովուրդը կարող է «չեղարկել» այն, ոչ թե ուժը կամ Ալիևն ու Փաշինյանը։
Հայերը չեն հանդարտվել, և դեռ շատ քաղաքական գործիչներ, ովքեր կարծում են․ որ «լուծել են Ղարաբաղի հարցը», կսարսափեն միայն Արցախի հիշատակումից։