Աստված գթաց մեզ․ որդիս փրկվեց՝ շնորհիվ բանիմաց բժիշկների

  • 20:07 16.03.2026

Գոհար Կարապետյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել։ Նա 10 զավակների մայր է։ Կրտսերը ծնվել է տեղահանությունից հետո՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Կարապետյանների ընտանիքը վերջերս բախվել է ցավալի մի իրողության, որը կարող էր նաև ողբերգական ավարտ ունենալ, եթե չլինեին բանիմաց ու սրտացավ բժիշկները։

Բազմազավակ մայրը չի կարողանում զսպել հույզերը 4-րդ զավակը՝ 12 տարեկան Նվերը, հրաշքով է փրկվել

– Նվերի ատամը ցավում էր։ Նրան տարա Վանաձորի ատամնաբուժական կլինիկաներից մեկը, որտեղ ատամնաբույժն ասաց, որ ատամը պետք է բուժվի, կարիք չկա այն հանելու։ Նախ կատարվեցին ատամնախողովակների մշակում, մինչև վերջնական կպլոմբավորվեր ատամը։ Եկանք տուն, երեխան սկսեց բողոքել ցավից։ Հասկացա, որ ինչ որ բարդություն է առաջացել։ Բուժող բժիշկը խորհուրդ տվեց ողողումներ կատարել, սակայն երեխայիս վիճակը գնալով վատանում էր։ Մոտեցանք նույն կլինիկայի վիրաբույժին։ Ես հասկանում էի, որ որդուս մոտ թարախային պրոցես է սկսվել, իմ մայրական սիրտն զգում էր, որ երեխայիս վիճակը բարդանում է։ Ինքս ասացի վիրաբույժին՝ գո՞ւցե կտրվածք անել․․․Կտրվածք անելուց հետո վիրաբույժն ինձ ուղարկեց  բժշիկ Աշոտ Պապյանի մոտ, որն էլ, տեսնելով երեխայի վիճակը, մեզ ուղարկեց Վանաձորի ԲԿ՝ դիմածնոտային բժիշկ Աշոտ Մարգարյանի մոտ։ Այստեղ մեզ տեղեկացրին, որ վճարովի հիմունքներով պետք է որդիս վիրահատվի։ Ասացին, որ կարող են ընդամենը 20 տոկոս զեղջ անել։

Ես անմիջապես տվեցի իմ համաձայնությունը՝ միայն թե Նվերը փրկվի։ Մարտի 4-ին կատարեցին որդուս վիրահատությունը, սակայն նրա վիճակն ավելի էր վատանում։ Դեղորայք ուզեցին․ բերեցի, բայց ամեն ինչ մնաց անփոփոխ։ Բժիշկ Մարգարյանը մի շարք բժիշկների հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ իրենց ուժերից վեր է երեխային փրկել և հաջորդ օրը՝ մարտի 5-ի գիշերը շտապ օգնության մեքենայով մենք հասանք Երևանի Մուրացան մանկական հիվանդանոց։ Այստեղ որդուս բուժումն իր վրա վերցրեց դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը։ Նա մեզ ներկայացրեց իրավիճակի ծանրությունը, միաժամանակ ասելով, որ ոչինչ խոստանալ չի կարող։ Սակայն ամեն ինչ բարեհաջող ընթացք ստացավ․ Աստված գթաց մեզ, և որդիս փրկվեց՝ շնորհիվ բժիշկ Մկրտչյանի ու հիվանդանոցի բժշկական անձնակազմի։

Տիկին Գոհարն ու որդին դեռևս հիվանդանոցում են։ Երեխայի լյարդում բարդություններ են առաջացել, որը բուժում է պահանջում։ Բուժող բժիշկը Մարինե Գրիգորյանն է։

Բազմազավակ մայրը չի դադարում փառք տալ Աստծուն ու շնորհակալ լինել բժիշկներին

-Ուզում եմ շնորհակալություն ասել Աշոտ Պապյանին, Աշոտ Մարգարյանին, որ ժամանակին ինձ ուղարկեցին Մուրացան հիվանդանոց, իսկ ամենամեծ շնորհակալությունս եմ հայտնում դիմածնոտային բժիշկ Նարեկ Մկրտչյանին և հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմին։ Երախտապարտ եմ Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանին, Ակսել Բակունցի անվան 7-րդ դպրոցի կոլեկտիվին, ծնողներին, իմ բոլոր ծանոթ-բարեկամներին, Վանաձորի ՍՕԱՐ բարեգործական հիմնադրամի «Ադա» կենտրոնի անձնակազմին՝ Անի Գաբրիելյանի գլխավորությամբ։ Նրանց ցուցաբերած ուշադրությունն ու հոգատարությունը, ամեն բարի մի խոսքը մեծ ուժ է տվել մեր ընտանիքին։

Իմ որդին սխալ բուժման ու ոչ պրոֆեսիոնալ մասնագետի պատճառով քիչ մնաց կյանքին հրաժեշտ տար։ Ուզում եմ կոչ անել այն երիտասարդներին, ովքեր ընտրում են բժշկի բարդ մասնագիտությունը։ Երկար մտածեք․ չէ՞ որ գործ ունեք մարդկային կյանքի հետ։ Ուսումնառության տարիներին արեք հնարավորն ու անհնարինը, որ ստանաք պատշաճ կրթություն, դառնաք պահանջված մասնագետ, այլ ոչ թե փողով մասնագիտություն ձեռք բերող։

Չեմ բողոքում և չեմ ուզում տալ այն ատամնաբույժի անունը, ում պատճառով մենք օրեր շարունակ անցել ենք դժոխքի միջով։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ հաջողվեց փրկել որդուս կյանքը։ Աշխարհի բոլոր մանուկները թող առողջ լինեն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ