Եվրոպան դեմ է Լիբանանում Իսրայելի գործողություններին, որոնք կարող են հանգեցնել անեքսիայի

  • 10:23 17.03.2026

Երկուշաբթի՝ մարտի 16-ին, հրապարակված համատեղ հայտարարության մեջ Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան խորը մտահոգություն են հայտնել Լիբանանում բռնության սրման վերաբերյալ և կոչ են արել այդ երկրի և Իսրայելի ներկայացուցիչներին հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ սկսել։

«Հեզբոլլահի հարձակումները Իսրայելի և քաղաքացիական բնակչության վրա պետք է դադարեցվեն, և նրանք [Հեզբոլլահը – խմբ.] պետք է զինաթափվեն», – ասվում է հայտարարության մեջ։ «Մենք դատապարտում ենք Հեզբոլլահի որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, որն ավելի է վտանգում տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»։

Միևնույն ժամանակ, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան զգուշացրել են, որ Լիբանանում Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը «կունենա ավերիչ մարդասիրական հետևանքներ և կարող է հանգեցնել երկարատև հակամարտության»։ «Սա պետք է կանխվի։ Լիբանանում մարդասիրական իրավիճակը, այդ թվում՝ մարդկանց շարունակական զանգվածային տեղահանությունը, արդեն իսկ խորապես մտահոգիչ է», – ասվում է հայտարարության մեջ։

Լիբանանի 5 միլիոն բնակչությունից մոտ 1 միլիոնը արդեն ներքին տեղահանված է, և Իսրայելը սպառնում է անեքսիայի ենթարկել հարավային Լիբանանը։

Մարտի 16-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարեցին հարավային Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ «սահմանափակ ցամաքային գործողություն» սկսելու մասին։ Մարտի 14-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ Իսրայելը պատրաստ է գրավել հարավային Լիբանանի տարածքները, եթե «Հեզբոլլահի» զինյալները չզինաթափվեն։

Axios-ը, հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Իսրայելը պատրաստվում է գրավել Լիտանի գետից հարավ գտնվող տարածքները՝ «Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքները քանդելու» համար։ «Մենք անելու ենք այն, ինչ արեցինք Գազայում», – հրատարակությանը ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։

Լիբանանը կարող է դառնալ առաջին երկիրը, որի անեքսիան հիմք կդնի նոր համաշխարհային կարգի՝ նախադեպ ստեղծելով ավելի հզոր պետության կողմից փոքրերին անպատիժ կլանման համար։