Ո՞ւմ են դիտորդները “զեկուցելու”․ նրանք կհետևեն նաև Սահմանադրական հանրաքվեի՞ն

  • 08:55 18.03.2026

Մենք այստեղ ենք Հայաստանին աջակցելու, ազատ և արդար ընտրություններ ունենալու համար։ Այս մասին, ՝ մարտի 17–ին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ արագ արձագանքման խումբը ժամանելու է Հայաստան՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։

«Արագ արձագանքման խումբը աջակցելու է Հայաստանին՝ ազատ և արդար ընտրություններին առնչվող մարտահրավերների հաղթահարման գործում, դա շատ հստակ է։ Ես մանրամասներ չգիտեմ»։

Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին, փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։

«Ազատության» տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»:

Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Այս գործողությունների մեջ թվարկել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբերսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը:

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ի պատասխան ԵՄ-ն հայտարարել էր 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ ԵՄ-ից ասել են, որ կօգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվության դեմ»։ 

Մի քանի առաջ Հայաստան է եկել մեկ այլ՝ Ժողովրդավարության Միջազգային Դիտարանի (IODA) խումբը, որը նախնական արձանագրումներ է պատրաստվել Հայաստանում 2026 թվականի մարտի 7–12-ը իրականացված առաջին փաստահավաք առաքելությունից հետո՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Խումբը, որի ստեղծումը, ըստ տվյալների, հայկական լոբբիստական կազմակերպություններն են նախաձեռնել և որի կազմ են մտել հայտնի նախկին իրավապաշտպաններ, բավական կոշտ գնահատականներ է տվել ներկայումս Հայաստանում տեղի ունեցող նախընտրական իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն անհասկանալի է, թե ուր են գնալու զեկույցները և ինչ ազգեցություն կարող են ունենալ։

Կարելի է ենթադրել, որ դիտորդական և այլ դրսիծ եկած առաքելություններ դեռ լինելու են, սակայն պարզ չէ, թե ում են ներկայացվելու գնահատականները, ո՞վ է “դատավորը” և ինչ սանկցիաներ կարող են հետևել, եթե պարզվի, որ խախտումներ են եղել։ Նախկինում, երբ ժողովրդավարական միջազգային ինստիտուտները անվերապահ հեղինակություն էին, երկրների կառավարությունները ամեն ինչ անում էին, որ ընտրությունները օրինական ճանաչվեն, որ սանկցիաներ չլինեն։ Սակայն հիմա, երբ վերպետական ատյաններն, այդ թվում Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ և ՄԱԿ Մարդու իրավունքների պաշտպանության մարմինները, կորցրել են նախկին գործառույթները, դիտորդական և օժանդակ առաքելությունների իմաստը փոխվում է։ Նույնիսկ պաշտոնապես նրանք հիմա հայտարարում են ոչ թե խախտումներ կամ ոչ իրավական քայլերը կանխելու, այլ գրեթե բառացի՝ սեփական քաղաքական նպատակները հետապնդելու մասին։

Չէ որ Հայաստանում խոսքը ոչ այնքան ընտրությունների մասին է, որքան դրանից հետո նախապատրաստվող Սահմանադրական հանրաքվեի։ Հայաստանը պետք է հանրաքվեյով հրաժարվի իր ներկայիս Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից, Երրորդ հանրապետությունից, Արցախից, Նախիջևանից, պետք է անաղմուկ դուրս գա անօրինական ռուս-թուրքական Կարսի պայմանագրից՝ առանց դրա հակահայ պայմանները փոխելու, և դառնա ռուս-թուրքական նոր “պայմանագրի” անիրավ մաս։  Միայն դրանից հետո Եվրոպան կարող է չեղարկել նաև Լոզանի պայմանագիրը, իսկ Թուրքիան 2028-ին նոր սահմանադրություն ընդունի, վերջապես տիրապետելով սեփական սահմաններին։