Կենսաթոշակները կավելանան 10-14 հազար դրամով

  • 13:11 18.03.2026

Ապրիլի 1–ից կգործարկվեն կենսաթոշակային ոլորտի երկու հիմնարար փոփոխությունները, մեկը կենսաթոշակների բարձրացումն է, մյուսը կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով վճարելը։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Ինչպես հաղորդում է news.am-ը, «Աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10,000 դրամով՝ անկախ ստաժից։ Սովորաբար կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը և նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից կենսաթոշակի չափերը ավելանալու են։ Մարտ ամսվա կենսաթոշակի չափին ավելանալու է ևս 10000 դրամ:

Ընդ որում ասում եմ՝ առնվազն 10000 դրամ, որովհետև աշխատանքային կենսաթոշակի առանձին տեսակներ կավելանան մի փոքր ավելի: Մասնավորապես, այն դեպքում, երբ անձը ստանում է հաշմանդամության խոր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, կենսաթոշակի չափը կավելանա 14000 դրամով։ Եթե հաշմանդամությունը սահմանված է ծանր աստիճանի սահմանափակման դեպքում՝ 12000 դրամով։

Բացի այդ, 50 000 դրամով կավելանան երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակներին, Գալստյանը նկատեց, որ այս դեպքում կենսաթոշակի բարձրացման չափը կախված է նրանից, թե ինչ պաշտոնից է զինծառայողն անցել կենսաթոշակի, միջինը կավելանա  8500 դրամով:

«Պարտադիր ժամկետում զինվորական ծառայողների կենսաթոշակները կավելանան 10000 դրամով, հաշմանդամության սահմանված խմբերի դեպքում 12000 դրամ և 14000 դրամ։

Մենք ունենք շուրջ 502 000 կենսաթոշակառուներ, նրանցից մոտ 5-6 հազարը խորը աստիճանի սահմանափակում ունի, այսինքն կավելանա 14000 դրամով, շուրջ 37000-ը ծանր աստիճանի սահմանափակումով է, կավելանա 12 000 դրամով։ Իսկ մնացած 460.000 կենսաթոշակառուի կենսաթոշակը կավելանա ուղիղ 10.000 դրամով։

Բացի այդ, ունենք 62 կամ 63 երկկողմանի ծնողազուրկ աշխատանքային կենսաթոշակ ստացող երեխաներ կամ մինչև 26 տարեկան ուսանողներ, նրանց կենսաթոշակը կավելանա 50000 դրամով։

Ավելանում են ոչ միայն կենսաթոշակները, այլը սոցիալական նպաստները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները։ Այստեղ մենք ունենք շուրջ 124 000 շահառու։ Նրանց նպաստները կավելանա 10 հազար դրամով»։

Անահիտ Գալստյանի խոսքով, սահմանված կենսաթոշակները հետագայում կարող են ավելանալ, բայց չեն կարող նվազել։