
«Աշտարակ համայնքում բնակվում է 3000-ից ավելի տեղահանված՝ մոտ 1000 ընտանիք։ Սակայն շատ քիչ թվով ընտանիքներ են սերտիֆիկատով բնակարններ ձեռք բերել։ Պատճառն այն է, որ բնակարանների գները համայքնում բարձր են, եւ մարդիկ չեն կարողանում գնել։ Սերտիֆիկատի գումարը 3 մլն դրամ է։ Մարդկանց հետ ամեն օր շփվելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեծ ցանկութուն ունեն մշտապես հաստատվել համայնքում։ Բոլորի խնդրանքն է ձեզ, որպեսզի ծրագիրը վերանայվի, եւ Աշխատարակ համայնքի սերտիֆիկատի գումարը՝ 3 մլն-ը դարձվի 4 մլն»,- այսօր «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց արցախցիներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցի հետ կապված ընդհանուր մթնոլորտը գիտեն։ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եւ փոխվարչապետն իրենց կարծիքը հայտնել են, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք, որովհետեւ ուսումնասիրել ենք։ Եվ հիմա առաջիկայում մենք որոշում կկայացնենք եւ երեւանամերձ համայնքներում, որտեղ 3 մլն է, բոլորը կդարձնենք 4 մլն դրամ։ Որոշումն առաջիկայում կկայացվի։ Ովքեր 3 մլն-ի շահառու են, այդ որոշումից հետո հետադարձով իրենց գումարն էլ կավելացնենք, բոլոր դեպքերում հավասարությունը կլինի։ Նրանք, ովքեր 3 մլն-ի սերտիֆկատ ունեն, տուն փնտրելիս կարող են արդեն այդ հաշվարկով վստահաբար առաջնորդվել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Երեւանում փոփոխություն չի լինի, կշարունակի գործել 3 մլն սահմանաչափը։ «Մենք ծրագրերը փորձում ենք մաքսիմալ ուղղել դեպի մարզեր, ուզում ենք, որ մեր մարզերն էլ զարգանան։ Խցանումների պատճառով արդեն Երեւանում կյանքն անհարմարավետության լրացուցիչ բաղադրիչներ ունի»,- հավելեց նա։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ մեծ պահաջարկ կա նաեւ Աբովյան քաղաքում, Աբովյանում նույնպես 3 մլն դրամը կսահմանվի 4 մլն դրամ։ «Մարդիկ ինչո՞ւ են սովորաբար ընտրում ապրել երեւանամերձ համայնքներում, որովհետեւ այնտեղ զբաղվածությունը, տնտեսական ակտիվությունն ավելի բարձր է, եւ դա բնական է»,- նշեց Արսեն Թորոսյանը։