
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ արցախցիների բնակապահովման ծրագրով տրամադրվող հավաստագրերի գումարը երեւանամերձ համայնքներում մեկ անձի համար 3 մլն դրամի փոխարեն կսահմանվի 4 մլն դրամ։
Արցախցիները, որոնց մեծամասնությունը բնակվում են երեւանամերձ համայնքներում, հաշվի առնելով աշխատատեղերի հարցը, ահազանգում են, որ կառավարության տրամադրած սերտիֆիկատների գումարներով հնարավոր չէ երեւանամերձ մարզերում նորմալ բնակարաններ գնել։ Եթե անգամ կառավարությունը սերտիֆիկատի գումարը մեկ անձի հաշվով սահմանի 4 մլն դրամ, մտավախություն կա, որ բնակարանների գներն էլ համապատասխանաբար կաճեն, ինչպես դա տեղի ունեցավ ծրագրի նախորդ փոփոխության ժամանակ։
Նախորդ տարվա հուլիսի 3-ին կառավարությունը փոփոխություն էր կատարել բնակապահովման ծրագրում, ըստ որի՝ սահմանվել էր 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ՝ 452-ի փոխարեն 611 բնակավայր։ Այս որոշման ընդունումից հետո բնակարանների գները կտրուկ աճեցին։ Step1.am-ն այն ժամանակ ահազանգ էր ստացել, որ անգամ Գեղարքունիքի մարզի հեռավոր համայնքներում անշարժ գույքի գները թանկացել էին այն բանից հետո, երբ ընդունվել էր կառավարության վերոնշյալ որոշումը։
Step1.am-n, հղում անելով պաշտոնական թվերին, ավելի վաղ տեղեկացրել էր, https://step1.am/blog/2026/01/07/42527/ որ 2025 թվականի ընթացքում գրեթե բոլոր մարզերում անշարժ գույքի գների աճ է գրանցվել։
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո արցախցիները սոցիալական ցանցերում դարձյալ բարձրացնում են հարցը, որ պետք է վերահսկողություն սահմանել, որպեսզի դարձյալ չթանկանան բնակարանների գները։
«Իրականում անիմաստ ծրագիր է, ժողովրդին ավելի ծանր վիճակի մեջ են գցում, տան տերերն ավելի շատ են թանկացնում, քան կառավարության բարձրացումն է։ Պետք է այնպիսի ծրագիր, որը չի խթանի բնակարաններին գների արհեստական աճը»,- գրել է արցախցիներից մեկը։
«Սա նշանակում է, որ առաջիկայում տները կթանկանան 3-5 միլիոնով»,- գրել է մեկ այլ արցախցի։
Արցախցի փաստաբան Էրիկ Բեգլարյանը նույնպես անդրադարձել է այս հարցին։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երևանամերձ բնակավայրերում 3 միլիոնի փոխարեն 4 միլիոն դրամի սերտիֆիկատ տրամադրելը գործնականում հանգեցնում է անշարժ գույքի գների անմիջական բարձրացման։ Վաճառողները, տեսնելով պետական աջակցության ավելացումը, ավտոմատ կերպով բարձրացնում են տների գները, ինչի արդյունքում շահառուների իրական հնարավորությունները չեն բարելավվում։ Այդ պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է կանխի գների արհեստական աճը։ Պետությունը պարտավոր է իրականացնել անշարժ գույքի գնահատում եւ սահմանել հստակ վերահսկողություն, որպեսզի վաճառքի գինը չգերազանցի գնահատված արժեքը։ Հակառակ դեպքում սերտիֆիկատի բարձրացումը պարզապես դառնում է ձեւական քայլ, որը չի լուծում բնակարանային խնդիրը։
Եթե այս մեխանիզմը չկիրառվի, ապա իրավիճակը էապես չի փոխվի, եւ արցախցիները շարունակելու են բախվել նույն դժվարություններին՝ նույնիսկ պետական աջակցության պայմաններում»։