
Նիկոլ Փաշինյանն այսօր զգուշացրեց մարդկանց՝ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու:
«Բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ: Ընդ որում, ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը: Ես վերլուծում եմ չէ՞ այդ տեքստերը», – հայտարարեց նա:
«Նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր՝ «ներիր մեզ, Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, ինչ կանենք»։ Հասկանո՞ւմ եք, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմ է», – պնդեց Փաշինյանը։
Փաշինյանի պնդումներին ի պատասխան ընդդիմադիրները ոչ թե ասում են՝ այո, մենք ուզում ենք վերանայել բռնի ուժով պարտադրված անարժան “խաղաղության” պայմանները, այլ միաձայն հավաստիացնում են, որ ոչ մի բան էլ չեն վերանայելու։ Անհասկանալի է այս դեպքում, թե ո՞րն է այդ ուժերի տարբերությունը Քաղպայմանագրից։
«Ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որ ռևանշիստական հայտարարություններ է անում, խոսում է գալուց հետո Արցախի վերաազատագրման մասին․ խոսում են որոշակի արժեքների պաշտպանության, մեր գերիների վերադարձի մասին, այո՛, գերիների վերադարձը պատերազմ չի նշանակում, մեր եկեղեցիների պաշտպանությունը պատերազմ չի նշանակում։ Հիմա Հայաստանում չկա որևէ ուժ, որ լինելու է Նիկոլ Փաշինյան երկու, որ գալու է, իր զրոյական կետից սկսի», – ասաց “Հայաստան” խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նույնը ասում են Սամվել Կարապետյանի “Ուժեղ Հայաստանից”։
Փաշինյանը նորից ու նորից է ստիպում ընդդիմադիրներին խոստովանել, որ ոչինչ չեն փոխելու։ Հետո հասարակությանը կհամոզի՝ եթե տարբերություն չկա, եթե ներկայիս վիճակը չի վերանայվելու, ինչի՞ ընտրել ուրիշին և պատերազմ բերել մեր գլխին։