
Երկու ու կես տարի է անցել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված գործողություններից, որոնք ճանաչվել են որպես էթնիկ զտում, և ամբողջ բնիկ հայ բնակչության բռնի տեղահանություն, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ որևէ մեկը տեղի ունեցածի վերաբերյալ հստակ իրավական գնահատական չի տվել։ Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին «ողբերգության» համար մեղադրեց Արցախի ղեկավարությանը (որը, ի դեպ, գտնվում է Բաքվի բանտում)։ Մինչդեռ, ԱՄՆ հետախուզական հաղորդագրությունները խոստովնում են, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով է վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողությունը։
«Ոչ մի կառավարություն այնքան շատ բան չի արել Ղարաբաղի համար, որքան մեր կառավարությունը», ասել է երեկ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև մեղադրեց օկուպացիայից անմիջապես առաջ Լեռնային Ղարաբաղում իշխանության եկած ուժերին ողբերգության պատճառ դառնալու մեջ։ «Հիմա նույն այդ ուժերը ցանկանում են նույնը անել Հայաստանի հետ», – հայտարարեց Փաշինյանը, հող նախապատրաստելով Հայաստանը կորցնելու դեպքում ուրիշներին մեղադրելու համար։
ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում հատուկ տեղ է հատկացված Հայաստանին։ Եվ այնտեղ տրված է ԱՄՆ գնահատականը։
«2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերականգնեց վերահսկողությունը իր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչության վերահսկողության ներքո։
ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն ստեղծեց, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստեց տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար։
Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, ըստ երևույթին, պատրաստակամ են եղել պահպանելու Խաղաղության գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։
Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքն երաշխավորված չէ»։
Ըստ ԱՄՆ-ի, Հայաստանի Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է ճանաչում։