
Փաշինյանի դեմ գրառման համար արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը ՔԿ տանելու դեպքով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հրահանգել է ուսումնասիրություն սկսել։
«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանն ուսումնասիրել իրավիճակը, լսել նաև կնոջը և հասկանալ, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ կլինի արձագանք իմ կողմից»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` պետք է ուսումնասիրվեն բոլոր դրվագները, որոնք բարձրաձայնվել են՝ սկսած գործողություն իրականացնելու ժամից, հայտարարություններից՝ «գոհ եղեք, որ ձեռնաշղթաներով չենք տանում, կամ դիմակներով չենք մտել»։
«Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ արցախցի բազմազավակ մայր Գայանե Մեսրոպյանին ՔԿ տանելու պատճառը մեկ տարի առաջվա ինչ-որ մի գրառում է եղել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որում օգտագործել էր «սատկացնել» բառը։
Սոցիալական ցանցերում արդեն քննարկվում է, որ նման մասկի-շոուները նպատակ ունեն ընտրություններից առաջ Հայաստանում վախի մթնոլորտ ստեղծել՝ ձևավորելով հանրային կարծիք, որ կառավարության անողոք ձեռքերը կհասնեն յուրաքանչյուրին, ով կփորձի անհնազանդվել: Մինչ Ներքին գործերի նախարարությունը կհետաքննի իրավիճակը և, հնարավոր է, նույնիսկ ոստիկանության գործողությունները կհամարի «չափազանցված», գլխավոր նպատակը հասած է. հայ հասարակությունն արդեն իսկ պարուրված է վախի և անտարբերության ծանր մթնոլորտով, որը երբեմն հանգեցնում է հակաագրեսիայի: