
«Հայաստանի Հանրապետությունը եւ բանակցությունների ընթացքում, եւ նաեւ հրապարակային մի շարք առիթներով ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որեւէ խնդրահարույց, տարածքային հավակնությունների բանով որեւէ պնդում չկա»,- այսօր Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Միաժամանակ մենք ասել ենք նաեւ, որ եթե իրավական ձեւակերպումներից անդին քաղաքական կամ որեւէ այլ տեսակի կողմնակի տարածքային հավակնությունների տանող կամ եզրահանգում անող բան է տեսնում որեւէ մեկը, ապա հավասարապես այդպիսի բան կարելի է տեսնել Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Սա եւ բանակցությունների ընթացքում ենք ասել, եւ հրապարակային»,- նշեց նա։
Արարատ Միրզոյանն ասաց, որ ադրբեջանական կողմից պահանջ չկա ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով։
«Բայց ուրիշ բան կա, եւ սա էլ իրենք հանրային են ասում։ Երբ մենք ասում ենք՝ մենք չենք կարող մեր Սահմանադրությունը քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չէ, նրանք ասում են՝ շատ լավ, մենք չենք բանակցում եւ չենք պահանջում, դա ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձեւակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն, ասում ենք՝ ափսոս։ Այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի պետկերացումները բաժանվում են իրարից եւ չեն համընկնում։ Եթե համընկնեին, մենք ստորագրած, գուցե նաեւ վավերացրած էլ կլինեինք համաձայնագիրը»,- նշեց Միրզոյանը։