Մենք փրկվել ենք ցեղասպանվելուց, այլ ոչ թե փախել ու լքել մեր հողը

  • 21:39 23.03.2026

Լուսանկարում՝ Իննայի տունը Ստեփանակերտում

Սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում է ապրում Արցախից բռնատեղահանված Իննա Բարսեղյանի 3 հոգանոց ընտանիքը, որը 2023 թվականի սեպտեմբերի տեղահանությունից հետո հաստատվել է Գորիս քաղաքում։

Իննան ունի առողջական լուրջ խնդիրներ և այդ պատճառով ի վիճակի չէ աշխատել։ Նրա ուսերին է նաև հաշմանդամ մոր խնամքը, ով Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի մայր է ։

-Մինչև տեղահանումն ապրում էինք Ստեփանակերտ քաղաքում։ Աշխատում էի կաթնամթերքի, ապա պահածոների արտադրամասերում: Այժմ իմ առողջական վիճակը թույլ չի տալիս աշխատել։

Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ կառավարության կողմից որևէ աջակցություն չի տրամարվում ինձ։ Քանիցս դիմել եմ սոցապ նախարարություն, սակայն հայտնել են, որ չեմ համապատասխանում կառավարության կողմից սահմանված պահանջներին՝ չունեմ հաշմանդամություն, տարիքային կենսաթոշակառու չեմ:

Քանի որ ՀՀ մարմինները չեն ընդունում Արցախի հանրապետության կողմից տրված որևէ փաստաթուղթ, ստիպված եմ եղել դիմել դատարան, որպեսզի որոշում կայացվի, որ ի վիճակի չեմ աշխատել ու գտնվում եմ որդուս խնամքի տակ։ Դատարանը բավարարել է իմ դիմումը, սակայն դատական ակտը սոցապի կողմից չի ընդունվել։  Հիմա էլ պատճառաբանում են, որ դատական ակտը բավարար չէ․ անրաժեշտ է հաշմանդամութուն, որպեսզի ինձ տրամադրվի աջակցություն։

Առողջական վիճակս օր օրի վատթարանում է։ Ճիշտ է, բժշկական հետազոտությունները պետական պատվերով հնարավոր է իրականացնել, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք Գորիսում անվճար հնարավոր չէ կատարել։ Ուղեգրում են մարզկենտրոն կամ Երևան: Սոցիալական վիճակից ելնելով չեմ կարողանում այդ հետազոտությունները իրականացնել, որպեսզի ուղեգրեն ԲՍՓ փորձաքննության և հաշմանդամության կարգ տրամադրեն ինձ:

Որպես բռնի տեղահանված՝ շատ դժգոհ եմ այդ քաշքշուկներից։ Հաշվի չեն առնում իմ առողջական խնդիրները ու միանգամից հաշմանդանության խումբ չեն որոշում, այլ ուղարկում են կրկնակի հետազոտությունների։ Արցախի բուժհաստատության կողմից տրված աշխտորոշումը հիմք չի ընդունվում այստեղ: Անգամ դատարանն է արձանագրել, որ ինձ անհրաժեշտ է մտշական խնամք և հոգածություն։ Այսօրվա դրությամբ որդիս է խնամում ինձ ու անկողնուն գամված մորս։

Բնակապահովման ծրագիրը մեզ համար անհասանելի է, քանի որ այդ գումարով չենք կարող տուն գնել, քանի որ տների գներն օրեցօր աճում են։ Արցախում թողել ենք մեր տուն ու տեղը, և դա մեր կամքին հակառակ է կատարվել։ Մենք փրկվել ենք ցեղասպանվելուց, այլ ոչ թե փախել ու լքել մեր հողը։ Տարիներ շարունակ պայքարել ենք Արցախը հայկական պահելու համար, դիմացել ենք պատերազմների, անգամ 9 ամիս տևած շրջափակումը չի կոտրել մեզ, ավելին՝ ուժեղացրել է, համախմբել։ 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցածը մեծ աղետ էր ողջ հայության համար։

Շատ եմ կարոտում Արցախը և չեմ ուզում կորցնել հույսս, որ մի օր կվերադառնամ տուն,- ասում է արցախցի կինը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ