Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

  • 09:54 24.03.2026

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։

«Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։ Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

23 մարտի, 2026թ․»