
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը Պակիստան, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարվեն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին:
Միացյալ Նահանգները Իրանին ուղարկել է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ծրագիր: Այս մասին երեքշաբթի՝ մարտի 24-ին, հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով երկու տեղեկացված պաշտոնյաների: 15 կետից բաղկացած փաստաթուղթը Իրանի ղեկավարությանը փոխանցվել է Պակիստանի միջոցով:
Իսրայելական N12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ծրագրի 10 կետերը ներառում են Իրանի կողմից միջուկային զենքի ծրագրից հրաժարվելը և հարստացված ուրանի պաշարները Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) փոխանցելը, ինչպես նաև հեռահար հրթիռները միայն ինքնապաշտպանության համար օգտագործելու պարտավորությունը: Կա նաև կետ Հորմուզի նեղուցում ազատ նավարկություն ապահովելու մասին: Ռեժիմի փոփոխության կամ որևէ այլ բանի պահանջներ չկան:
Ինչ կստանա Իրանը
1. Բոլոր պատժամիջոցների վերացում:
2. Ամերիկյան օգնություն Բուշերում քաղաքացիական միջուկային ծրագրի (էլեկտրաէներգիայի արտադրություն) խթանման և զարգացման գործում:
3. Պատժամիջոցների վերսկսման սպառնալիքի վերացում:
Միևնույն ժամանակ, մարտի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային ծովային կազմակերպությանը տեղեկացրեց, որ «ոչ թշնամական նավերը» կարող են անցնել Հորմուզի նեղուցով, եթե նախապես համակարգեն իրենց գործողությունները Թեհրանի հետ։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին «նշանակալի մրցանակ» է տվել։ «Նրանք երեկ արեցին մի բան, որը զարմանալի էր։ Նրանք մեզ նվեր տվեցին, և այդ նվերն այսօր ժամանեց։ Դա շատ մեծ նվեր էր, հսկայական գումար, և ես չեմ ասի ձեզ, թե ինչ էր դա, բայց դա շատ կարևոր մրցանակ էր։ Այն կապված չէր միջուկային զենքի հետ, այն կապված էր նավթի և գազի հետ, և դա շատ հաճելի արարք էր նրանց կողմից», – ասում է Թրամփը։
«Ըստ էության, Իրանում տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն։ Ռեժիմը փոխվել է, քանի որ այժմ առաջնորդները բոլորովին տարբերվում են նրանցից, ովքեր սկսել են ամեն ինչ, ովքեր ստեղծել են այս բոլոր խնդիրները», – ասաց ԱՄՆ նախագահը։
«Կարծում եմ՝ մենք վերջ ենք դնելու գործողություններին. չեմ կարող ձեզ վստահորեն ասել, բայց մենք արդեն հաղթել ենք այս պատերազմում», – ասաց ԱՄՆ նախագահը։
Ըստ Թրամփի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ներկայացնում են ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում։ Թրամփը նշել է, որ բանակցությունները վարվում են Իրանում «ճիշտ մարդկանց» հետ՝ առանց նշելու, թե կոնկրետ ում մասին է խոսքը։