
Երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասում է, որ երբեք չեն ունեցել տարածքային պահանջ, այդ թվում՝ Արցախի նկատմամբ:
«Խոսքը չի գնում տարածքային պահանջների մասին, – ասաց Արծվիկ Մինասյանը. – Նախ՝ մենք խոսում ենք արցախցիների արժանապատիվ, երաշխավորված, անվտանգության երաշխավորված իրավունքներով վերադարձի միջազգային մակարդակում ընդունման մեխանիզմի մասին: Տարածքային պահանջ երբեք չենք էլ ունեցել մենք: Որևէ քաղաքական ուժ տարածքային պահանջ պաշտոնապես չի էլ ներկայացրել, ըստ էության չի էլ ասել դրա մասին»:
Արծվիկ Մինասյանը չհիշատակեց 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Չհիշատակեց նաև Կարսի պայմանագիրը, որով հայկական Նախիջևանը 1921 թ․ փոխանցվեց Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, հիմա էլ Ալիևը հանել է Կարսի պայմանագրի հղումը Նախիջևանի սահմանադրությունից։
Արծվիկ Մինասյանը ճիշտ է․ Արցախի և Նախիջևանի մասին հիշատակելը չի կարող տարածքային պահանջ լինել այլ երկրի նկատմամբ։ Նույնն է, ինչ Սյունիքի հարավի մասին խոսելը կարող է ընկալվել որպես տարածքային պահանջ ԱՄՆ-ին։