Ընտրություններից հետո էլ արցախցիները Հայաստանում են ապրելու

  • 15:11 25.03.2026

«Բա մարդիկ մեզ ինչո՞ւ են ասում՝ շնորհակալություն խաղաղության համար։ Մարդկանց երեխաները չեն մահանում, մարդը ավելի քիչ անհանգիստ է, երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ և այլն։ Մարդիկ մեզ ասում են՝ սրանց էջը շուտ արեք, փակեք, պրծնենք մենք այս խոսակցությունից, սա են ասում»։ Այս մասին, մարտի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

“Խաղաղություն” ասելը քիչ է, պետք է մտնել մարդկանց ամենա ցավոտ տեղը և ասել՝ ի շնորհիվ մեզ ձեր տղաները չեն զոհվում։ Ասել, որ խաղաղությունը կախված է ոչ թե ճիշտ քաղաքական որոշումներից, ոչ թե թշնամու հաշվարկներից և ծրագրերից, այլ ներքին հակառակորդներից։ Կարծես 35 տարվա պատերազմները Քոչարյանը կամ Փաշինյանն են սկսել, ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։  Ավելի “էժան” է մեղադրել ամեն ինչի մեջ Արցախը։ Բայց ընտրություններից հետո արցախցիները ևս կմնան Հայաստանում, կապրեն այստեղ, կաշխատեն, “պետական” երեխաներին կուսուցանեն դպրոցներում, բանակում կծառայեն, կգնան Եռաբլուր, ծաղիկ կդնեն, ներողություն կխնդրեն նահատակներից բոլորի անունից։

Հիմա իշխանությունը ասում է ՝ եթե «սրանց» էջը փակենք, տղաները չեն զոհվի։ Ընդդիմությունն էլ ասում է՝ եթե այս իշխանությունը վերարտադրվի, կկորցնենք Հայաստանը։ Երկուսն էլ չեն հիշատակում այն ուժերին, որոնք “պատերազմ” կսկսեն սեպտեմբերին կամ էլ ուզում են վերացնել Հայաստանը Արցախի օրինակով։

Փաշինյանին պետք է 600 հազ․ ձայն, և նա կարող է ապահովել այդ ձայները ասելով, որ միայն ինքը կարող է ապահովվի, որ Հայաստանից տղաները չգնան Արցախում զոհվեն։ Դա սարսափելի նուրբ պահ է ու շատ հասկանալի․ ընտանիքի, համայնքի, պետության, հայրենիքի նուրբ սահմանին։ Եւ 7 տարի է մարդկանց նյարդերի, մայրական վախերի վրա խաղ է գնում։ Արդեն անթաքույց։ Դրա համար պետք է մեղադրել ոչ թե Ալիևին, Պուտինին, այլ արցախցիներին։ Միևնույն է՝ ոչ ոք արցախցիներին ի պաշտպանություն հանդես չի գա։

«Մեր երաշխավոր, իր ռուսական բազան այստեղ ունեցող, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահներ ունեցող մարդը, որը երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց հետևյալը՝ զգո՛ւյշ դուրս եկեք, որ այստեղ բան չլինի», ասել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը հաստատ գիտի, որ մինչև 2020 թ․ ոչ մի ռուս երաշխավոր էլ Արցախում չի եղել, և “պրոռուսական” նախկիններն ամեն ինչ արել են, որ 3 ՄԱԿ ԱԽ անդամներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը իրար զսպեն և չմտնեն Արցախ։ Բայց հիմա իշխանական խոսույթն այնպիսին է, որ Արցախը միշտ պրոռուսական էր։