
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում ԼՂ–ից տեղահանված ընտանիքներին բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություն կատարելու մասին որոշում կայացրեց։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկում են վերանայել աջակցության չափերը. «Մասնավորապես, առաջարկում ենք ծրագրի շրջանակներում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31–ը ծնված երեխաներին՝ անկախ նրանից, թե երբ են ներկայացրել առցանց դիմում–հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։
Մյուս առաջարկով առաջարկում ենք, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական տան կառուցման նպատակով 2025–ի հուլիսի 1–ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։
Առաջարկում ենք նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին։
Հաջորդը, այս նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես, ընդլայնել 4 մլրդ դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք հիմա 611–ն են, ավելացնել դրանք 150 բնակավայրով։ Խոսքը վերաբերում է սահմանակից համայնքներին համայնքներին։ Նախկինում նրանք կարող էին ստանալ 3 մլն դրամ։ Այսինքն Երևանը կմնա 3 մլն, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 մլն են, կմնան 5, իսկ մնացածը կդառնան 4 մլն»,–ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ խոսքը հետևյալ համայնքների մասին է՝ Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն, Գառնի և Ջրվեժ. «Ես տվեցի խոշորացված համայնքների անունները, բայց սա իրենց բոլոր բնակավայրերին է վերաբերում, այսինքն որոշումը, մոտ 150 բնակավայրի մասին է։
Այդ բնակավայրերում այս պահի դրությամբ ապրում է մոտավորապես 25000 մեր հայրենակից, այդքան մարդու վրա կազդի, բայց նաև կարող է ուրիշ բնակավայրերում ապրող քաղաքացիները ընտրեն այս նոր համայնքները»։