Սույն թվականի մարտի 25-ին Արցախի ներկայացուցչությունում ընդունել են ֆրանսիացի երաժիշտ, լրագրող և փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսին և ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականի լրագրող Ադրիեն Բրիանին։
Հյուրերը Հայաստան են ժամանել Ուլիս Մանեսի և Հերմինե Ավագյանի համահեղինակած «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա. Ստեփանակերտ–Փարիզ» գրքի շնորհանդեսի առիթով:
Քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ այս դժվար ժամանակահատվածում Արցախի թեմայի շուրջ իրականացվող գործունեության և հետևողական ուշադրության համար։
Ընդգծվել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, և կարևոր է, որպեսզի միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնվի Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։
Զրուցակիցները նշել են նաև, որ ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը դեռևս արցախյան շարժման սկզբնական փուլից անդրադարձել է թեմային, շարունակել և շարունակելու է հնարավորինս հաճախ ներկայացնել ճշմարտությունը։
Իր հերթին Ուլիս Մանեսը և Ադրիեն Բրիանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու լուսաբանել Արցախի շուրջ զարգացումները և ներկայացնել առկա իրողությունները միջազգային հանրությանը։