Արցախցիները բոլորն էլ ունեն ՀՀ քաղաքացիություն․ ինչո՞ւ են ստիպում փոխել անձնագիրը

  • 17:14 30.03.2026

Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանը չի կարողանում օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, քանի որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը չի հաշվառում նրան։ Անուշ Ալեքսանյանը կարծում է, որ այսպիսով իրեն ստպում են, որ փոխի 070 կոդով անձնագիրը։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Անուշ Ալեքսանյանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։ Անուշ Ալեքսանյանը հարցադրում է անում՝ եթե մյուս արցախցիներին տրամադրել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչո՞ւ իրեն չեն տրամադրում։ Նա նշում է, որ իրեն հատուկ չեն հաշվառում, որպեսզի ստիպեն անձնագիրը փոխել։

Step1.am-ի հետ զրույցում Անուշ Ալեքսանյանը, անդրադառնալով արցախցիների քաղաքացիության հարցին, ասում է․ «Արցախցիները բոլորն էլ ունեն ՀՀ քաղաքացիություն․ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով ենք ստացել քաղաքացիություն։ Իսկ Հայաստանում ապրողները, ովքեր եղել են ՀԽՍՀ քաղաքացի, նրանք ՀՀ քաղաքացիություն ստացել են օրենքի 10-րդ հոդվածի առաջին կետով»։

Հիշեցնենք, որ այս օրենքի 3-րդ կետը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիներին, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Այս կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել եւ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:

Անուշ Ալեքսանյանը նաեւ հիշեցնում է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերանմիավորման որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։

«Հիմա ստացվել է այնպես, որ ինչ-ինչ պատճառներով՝ կամ Ադրբեջանի պահանջով, կամ այլ պատճառով որոշել են արցախցիներին տարանջատել։ Արցախցիների մի մասին տալիս են փախստականի վկայական, մյուս մասին չեն տալիս։ Չեն ասում, թե ինչ հիմքով մի մասին չեն տալիս, ոնց որ ամբողջ հայ ազգին անգրագետի տեղ դնեն։ Ես ինքս Արցախում եմ ծնվել, այնտեղ ծնվել եմ, դպրոցն ավարտել եմ, եկել եմ Հայաստան, համալսարան եմ ընդունվել, հետո աշխատել եմ։ Եվ այնպես է ստացվել, որ քանի որ այստեղ եմ ապրել, անձնագիրս Հայաստանում եմ ստացել։ Հիմա էլ ինձ չեն տալիս փախստականի կարգավիճակ, ասում են՝ դու ՀՀ  քաղաքացի ես։ Ես էլ ասում եմ՝ բա մյուս արցախցիներն ո՞ւմ քաղաքացին են։ Փաստորեն հերիք չէ, որ դուք ձեր քաղաքացիներին տեր չեք կանգել, հիմա էլ ասում եք՝ փախել եք, նաեւ ստիպում եք, որ 070 ծածկագրով անձնագիր ունեցող անձինք իրենք դիմեն ու նոր անձնագրեր ստանան, որ հետագայում ասեք՝ դուք եք հրաժարվել ձեր անձնագրերից։ Մենք էլ ասում ենք՝ եթե այդպես է, դուք անվավեր համարեք 070 ծածկագրով անձնագրերը։

Մեր պահանջներից մեկն այն է, որ 070 կոդով անձնագիրը վավեր համարեն, արդեն 3 տարի է՝ դատական գործընթացը գնում է, բայց իրենք այդ հարցին չեն անդրադարձել։ Մեր խոցելի վճակից ելնելով՝ իրենք այնպիսի քաղաքականություն են վարում, որ մենք ստիպված լինենք փոխել մեր անձնագրերը։ Մեզ չեն հաշվառում, եթե չեն հաշվառում, թոշակից ու նպաստից չենք օգտվում, աշխատանքի չենք ընդունվում»,- ասաց Անուշ Ալեքսանյանը։

Նա նշում է, որ եթե իր անձնագիրը վավեր է, ինքը պետք է եւ հաշվառվի, եւ ընտրություններին մասնակցի, եւ աշխատանքի ընդունվի։ Այսինքն՝ իրեն պետք է համարեն ՀՀ քաղաքացի, բայց չեն համարում։ «ՀՀ քաղաքացի չեն համարում, բայց դատարանը գրել է՝ քանի որ Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը համաձյան է, որ անձնագիրը վավեր է, մենք չենք անդրադառնում Անուշ Ալեքսանյանի այդ պահանջին։ Ես չեմ հասկանում՝ մենք այսքան պայքարել ենք, որ նման մի աբսուրդ որոշում կայացնե՞ն։ Մեր դատական պաշտպանությունը դժվարացնում են, որ ստիպված լինենք ենթակվել այդ չարաշահմանը ու փոխենք մեր անձնագրերը։ Իմ կարծիքով՝ դա հանցագործություն է, որովհետեւ որեւէ օրենքով սահմանված չէ, բայց մեզ ստիպում են։ Ընդ որում՝ մարդը կարիքից ելնելով է ստիպված իրենց պահանջները կատարում, իսկ դա հանցագործություն եմ համարում ես, նույնիսկ մտածում եմ դատախազություն դիմել։ Մեզ ստիպվում են, որ մենք դիմենք ու ստանանք այլ կոդով ՀՀ քաղաքացիություն, այն դեպքում, երբ մենք առանց այդ էլ ՀՀ քաղաքացի ենք»,- հավելեց նա։

Անուշ Ալեքսանյանն ասում է, որ այս իրավիճակում չի կարողանում օգտվել սոցիալական ծրագրերից․ «Ստացվում է, որ ես չեմ կարողանում ապրել, հետո էլ ասում են՝ արցախցիների համար այս ենք անում, այն ենք անում։ Եթե արտերկրից գումարները ստանում են՝ արցախցիներին օգնելու համար, թող ամեն մեկին իր բաժին գումարը տան»։

Նա նաեւ ասաց, որ դիմել է բնակապահովման ծրագրին, բայց պատասխանել են, որ ՀՀ քաղաքացի չէ, չի կարող շահառու լինել։ «Փաստորեն ի՞նչ է ստացվում, էլեկտրոնային հարթակներն այնպես են ծրագրավորում, որ այդ ծրագրերը 070 կոդով անձնագիրը չճանաչեն։ Դա ներքին կարգով են անում, արդյոք դա օրինակա՞ն է»,- նշեց Անուշ Ալեքսանյանը։

«Մենք ի՞նչ գիտենք՝ վաղը-մյուս օրը ի՞նչ կլինի։ Կարող է այնպես ստացվի, որ մենք կարողանանք գնալ մեր հայրենիք, մենք թողել ենք մեր սեփականությունը, ամեն ինչ, կարող է փոխհատուցման հարց լինի։ Հիմա կարող է այնպես ստացվի, որ ով անձնագիրը փոխել է, չթողնեն գնալ։ Արդեն ասում են, որ մենք ստանում ենք ՀՀ քաղաքացիություն, եթե գնանք Ղարաբաղ, որպես տուրիստ պետք է գնանք։ Փաստորեն, եթե ես անձնագիրս փոխեմ, պետք է որպես տուրիստ գնամ իմ տուն, իմ ծննդավայր, դրա համար էլ չեմ փոխում անձնագիրս։ Ի՞նչ գիտենք՝ վաղը ի՞նչ է  լինելու, ի՞նչ որոշում է կայացվելու, կարող է՝ մենք հնարավորություն ենք ունենում գնալու մեր տները»,- հավելեց նա։