
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանը օրերս խոստովանել էր, որ ինքն է խնդրել հանդիպում Պուտինի հետ։ Քննարկվելիք կոնկրետ հարցերը հայտնի չեն։ Երեկ Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Մոսկվան չի քննարկում Հայկական երկաթուղիների կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու հարցը։ Սակայն Ռուսաստանը համաձայնել էր քննարկումներ սկսել երկու գծերի ավարտման վերաբերյալ, որոնք կկապեն Հայաստանում գործող երկաթուղիները Նախիջևանի և թուրքական սահմանի հետ։
Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցրել է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ, չնայած Արարատ Միրզոյանը վերջերս նշել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկումները շարունակվում են։ Մոսկվայում, իր հերթին, խոստովանում են, որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող Ռաշտ-Աստարա նախագիծը՝ Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղու բացակայող հատվածի կառուցման համար, նույնպես կորցրել է արդիականությունը։
Սա կարող է մեծացնել Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի և Իրանի հետ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջոցով ուղիղ կաի նկատմամբ, և հենց սա է, ինչ Փաշինյանը կարող է առաջարկել Պուտինին։
«Նախատեսվում է քննարկել ռուս-հայաստանյան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը», – ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։