
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Ռուսաստանը պնդում է ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերից երկու ամսվա ընթացքում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Մոսկվան սպառնում է նոր պայմաններ սահմանել, եթե դա տեղի չունենա: Սակայն Զելենսկին համոզված է, որ նույնիսկ եթե ռուսական այս պահանջները բավարարվեն, պատերազմը չի ավարտվի։
Միևնույն ժամանակ, Զելենսկին չի անդրադարձել Ուկրաինայի դիրքորոշմանը՝ արդյոք Կիևը պատրաստ է դուրս բերել զորքերը Դոնեցկի մարզի դեռևս չօկուպացված մասից: Նա նաև ոչինչ չի ասել Ուկրաինայում ենթադրյալ ընտրությունների մասին, որոնց մասին, ի դեպ, Ռուսաստանը հիմա ևս չի հիշատակում: Քննարկում չի եղել նաև այն մասին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը երկու ամսից գրավի Դոնբասը և առաջարկի «կանգ առնել» և սկսել բանակցություններ:
Իրանում ԱՄՆ-Իսրայել պատերազմից ի վեր Ուկրաինայի հարցը Թրամփի համար երկրորդական դարձավ, բայց առաջնահերթություն դարձավ ԵՄ-ի համար: Ամերիկացի միջնորդներ Վիտկոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները փաստացի կասեցվել են, և եվրոպական երկրները, հրաժարվելով մասնակցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը, հիմա փորձում են ստանձնել ուկրաինական ճգնաժամի ամբողջական միջնորդությունը։
Երեկ ԵՄ արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը այցելեցին ուկրաինական Բուչա, որը դարձել է ռուսական ագրեսիայի խորհրդանիշ։
BBC-ի կարծիքով, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների դադարեցումը կապված է ոչ միայն Իրանի պատերազմի, այլև Մոսկվայի կողմից Դոնբասում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու գաղափարի նկատմամբ հետաքրքրության կորստի, ինչպես նաև քաղաքական հիմնական հարցերում փոխզիջման հեռանկարների բացակայության հետ։
Եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ուկրաինան խուսափի Ռուսաստանի հետ փոխզիջումներից և շարունակի դիմադրությունը՝ Կիևին զգալի աջակցություն ցուցաբերելով։ Հաշվի առնելով ամերիկյան ռազմական օգնության գրեթե լիակատար բացակայությունը, Կիևի և Մոսկվայի միջև միջնորդության նախաձեռնությունը կարող է ամբողջությամբ տեղափոխվել Բրյուսել։ Վերլուծաբանները նույնիսկ քննարկում են ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև «բարտերի» հնարավորությունը. «Ուկրաինան Մերձավոր Արևելքի դիմաց»։