Ինչու Կրեմլը չի հեռացնում Փաշինյանին

  • 19:22 01.04.2026

Արթուր Ղազարյանի անձնական բլոգ

Երեկ, ավտոբուսի կանգառում լրագրողին մի միտք եմ արտահայտել, որը ունի պարզաբանման կարիք, հատկապես Նիկոլ Փաշինյանի մասով։

Շատ հաճախ մարդիկ ուղղակի մոռանում են պարզ փաստերը և դառնում  ամենօրյա ապակողմնորոշող տեղեկատվության մանիպուլյացիաների զոհ։

Ես հիմա կհիշեցնեմ մի քանի փաստեր տարբեր ոլորտներից, որպեսզի վերհիշեք ու հասկանաք, թե ինչու Կրեմլը չի հեռացնում Փաշինյանին։ Ինչու են նրան այսօր՝ ապրիլի 1-ին ընդունում Կրեմլում ամենաբարձր մակարդակով։

Տնտեսություն

  1. Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չլքեց Եվրասիական տնտեսական միությունը, այլև ակտիվորեն մասնակցում է դրա աշխատանքներին։ 2023-2026 թթ. տվյալներով՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հասել է պատմական ռեկորդների՝ ավելանալով 14 անգամ, վերաարտահանման հաշվին։
  2. Հայաստանը շարունակում է մնալ Էներգետիկ կախվածության մեջ Ռուսաստանից՝ գազից և միջուկային վառելիքից։
  3. Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտել արևմտյան ապրանքների (էլեկտրոնիկա, մեքենաներ, կենցաղային տեխնիկա) վերաարտահանումը դեպի Ռուսաստան։ Սա թույլ տվեց Ռուսաստանին մեղմել պատժամիջոցների ազդեցությունը իրենց երկրում։
  4. 2024-2025 թթ. Հայաստանը դարձավ ռուսական ոսկու և ադամանդի վերամշակման ու արտահանման հիմնական հանգույցներից մեկը, ինչը Ռուսաստանի համար արտարժույթ ստանալու միջոց էր։
  5. Որոշում է կայացվելու Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել հենց ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ համատեղ, այլ ոչ թե անցնել արևմտյան մոդուլային ռեակտորների։
  6. 2022-ից սկսած կառավարությունը ստեղծեց բարենպաստ հարկային արտոնություններ ՏՏ ոլորտում հազարավոր ռուս մասնագետների և ընկերությունների համար, որոնք տեղափոխվեցին Հայաստան՝ խուսափելով պատժամիջոցներից և պահպանելով իրենց բիզնեսը ռուսական կապիտալի համար։
  7. Չնայած Հարավ-Կովկասյան երկաթուղու դեմ նախկինում հարուցված քրեական գործերին և ստուգումներին, նրանց հայ իրավաբանի դաժան սպանությունից հետո, Փաշինյանը գնաց համաձայնության «Ռուսական երկաթուղիների» հետ՝ թույլ տալով նրանց շարունակել Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը
  8. Փաշինյանի օրոք Վայլդբերիզ և Օզոն ռուսական առևտրային հարթակները վերացրեցին գրեթե տեղական հայկական մանրածախ առևտուրը։ Միայն այդ  հարթակի կողմից գանձվող հավելագները հասնում են 24 տոկոսի, չհաշված վաճառողների հավելագները։ Սա բերել է բոլոր ապրանքների 50-150 տոկոս գնաճին։
  9. Գազպրոմ Արմենիայի կողմից հայ սպառողներին մատակարարվող գազի բարձր  գինը պահպանվում է 400 դոլար։ Կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել նաև այստեղ։ Գազի ցածր կալորիականության, օդ խառնելու մասին սպառողների ահազանգերը ևս չեն քննվում։ Հայաստանի բնակիչը վճարում է եվրոպական որոշ երկրներին հասնող գազի գին։
  10. Հայաստանից հեռացավ վերջին արևմտյան բանկը՝ HSBC-ն, որը «ֆիլտրում էր» կասկածելի գործարքները, վաճառեց իր բիզնեսը և դուրս եկավ Հայաստանից։ Վաճառվեց Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը։ Հայկական բանկերը ուղղակի դարձան «լվացքատուն» կամ միջանցք՝ ռուսական սանկցիոն փողերը Հայաստանով անցկացնելու և օրինականացնելու համար։ Երբ Ռուսաստանում ՎՏԲ-ն ընկավ ամենախիստ սանկցիաների տակ, Հայաստանի մասնաճյուղը շարունակեց գործել, ավելին՝ նրա վարկային պորտֆելը գնվեց Ամիոբանկի կողմից, որպեսզի ՎՏԲ-ի վնասները չեզոքացվեն։ Հայ մասնագետները մեծամասամբ դուրս շպրտվեցին այդ բանկերից և փոխարինվեցին ռուսական քաղաքացիություն ունեցողներով։ Հայաստանի բանկային համակարգը Փաշինյանը դարձրեց Ռուսաստանի տնտեսական «թոքը»։
  11. Հայկական բազմաթիվ տեղական menu.am, gg taxi, և այլն վերացել են yandex ռուսական կազմակերպության կողմից։ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի կառավարումը տվել է yandex կազմակերպությանը, որը ունի մենաշնորհային հասանելիություն այդ տվյալներին։ 
  12. 2022 թվականի պատերազմից առաջ հայկական շուկա կեղծ արևմտյան դիմակով ներխուժեցին ռուսական շատ ՏՏ ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրենց հիմնական իրական դերակատարումը պետք է ստանձնեին Ուկրաինայի վրա հարձակումից հետո՝ ռելոկանտների ընդունում, SWIFT պրոցեսինգային կենտրոնից անջատումից խուսափում, ռուսական էլիտային՝ միջազգային բանկային քարտերով ապահովում։

Ռազմական

  1. Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը (2019 թ.). Սա համարվում է Փաշինյանի ամենաակնհայտ պրոռուսական քայլերից մեկը, քանի որ Հայաստանը միակ ՀԱՊԿ երկիրն է, որը զորախումբ (սակրավորներ և բժիշկներ) ուղարկեց Սիրիա՝ աջակցելով Ռուսաստանի առաքելությանը։
  2. Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելը (2022 թ.). Որպես ՀԱՊԿ նախագահող՝ Փաշինյանը ստորագրեց և հայկական ստորաբաժանում ուղարկեց Ղազախստան՝ օգնելու տեղի իշխանություններին ճնշել ժողովրդական ընդվզումը կոռումպացված, մաֆիոզ ղազախական իշխանությունների դեմ, ինչը դրական ընդունվեց Կրեմլի կողմից։

 

Հայկական հարց

  1. Հայաստանի այսօրվա իշխանությունը, կամա թե ակամա, դարձել է 1920 թվականի Մարտի 16-ի ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի դրույթների կատարողը՝ ցեղասպանության ժխտում, հայկական ազգայնական ոգու վերացում, եկեղեցու հայամետ մասի հետապնդում։ Ռուսաստանին պետք չէ մի Հայաստան, որն ունի ազգային ամբիցիաներ կամ արևմտյան արժեքներով հիմնավորված պահանջատիրություն։ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության հարցից, նա դառնում է «կլասիկ» սովետական հանրապետություն, որի զնաչոկը Փաշինյանը կպցնում է բոլորի դոշին, որը չունի կոնֆլիկտ Թուրքիայի հետ։ Իսկ եթե չկա կոնֆլիկտ, ուրեմն Հայաստանը կարող է դառնալ ուղղակի տարանցիկ տարածք ռուս-թուրքական բիզնեսի համար։ Ռուսաստանի համար ավելի հեշտ է կառավարել մի երկիր, որը չունի «պատմական հիշողության» բեռ և պատրաստ է հարմարվել Մոսկվա-Անկարա պայմանավորվածություններին։
  2. Փաշինյանը ասում է, որ պետականությունը դա թանկ բեռ է, դրա համար է գույքահարկը ավելացել 8 անգամ, աղբահանությունը 4 անգամ, հարկատուները հերոս են, եթե ուզում եք էժան հարկ, պետք է կորցնեք պետականությունը։ Սա մաքուր ռուսական նառատիվ է։
  3. Արցախի հայաթափումը ռուս խաղաղապահների ներկայությամբ։ 2023-ին Արցախը դատարկվեց հայերից, երբ ռուսական խաղաղապահ զորքը փաստացի չմիջամտեց։ Արցախի հայաթափումը եղավ այն «լուռ համաձայնությունը», որով Ռուսաստանը ճանապարհ հարթեց դեպի թուրքական աշխարհ՝ փոխարենը ստանալով տնտեսական «շնչառական ուղիներ» Թուրքիայով և Ադրբեջանով։
  4. Ջերմուկի, Վարդենիսի ներխուժումը և ՀԱՊԿ-ի անգործությունը ցույց տվեցին, որ անվտանգային համակարգը ոչ թե չի աշխատում, այլ միտումնավոր թույլ է տալիս հակառակորդին առաջ գալ՝ Հայաստանին է՛լ ավելի խոցելի և կախյալ դարձնելու համար։ 
  5. Ռուսական քաղաքական մոդելը (որը հիմա տեսնում ենք Հայաստանում) պահանջում է բացարձակ հնազանդություն մեկ կենտրոնի։ Եկեղեցին, լինելով ինքնուրույն հեղինակություն, խանգարում է թե՛ տեղական իշխանությանը, թե՛ նրանց թիկունքում կանգնած ուժերին՝ վերջնականապես կոտրելու ժողովրդի դիմադրողականությունը։ Երբ քանդվում է եկեղեցին, քանդվում է ինքնությունը, իսկ առանց ինքնության մարդուն ավելի հեշտ է ստիպել ընդունել ցանկացած նվաստացուցիչ պայմանագիր։ 

Նախկիններ

  1. Փաշինյանը որևէ քայլ Ռուսաստանում ապաստանած հայաստանյան նախկին պաշտոնյաների արտահանձման հարցով չի ձեռնարկել։ Ավելին, նա հարկ եղած դեպքերում մի քանի անգամ թույլ է տվել Ռուսաստան արտահանձնել այլախոհներին և պատերազմից խուսափողներին։ Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունները իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։ Նրանք անգամ պաշտոնավարում են հայկական պետական բանկերում։ 

Եվրաինտեգրում

  1. Փաշինյանի օրոք շենգեն վիզա դադարեցրել են տրամադրել բոլոր եվրոպական դեսպանատները։ Վիզա ստանալու համար այսօր պետք է գերավճարներ տալ տուրիստական կամ միջնորդ ՏԼՍ մասնավոր կազմակերպություններին։ Վիզաների դյուրացման սերժական ասոցացման համաձայնագիրը փաստացի չի գործում, ավելացել է թղթաբանությունը և բյուրոկրատական քաշքշուկները հայտերը լրացնելուց։
  2. Եվրաինտեգրման թաղում։ Բազմաթիվ հայ պաշտոնյաներ՝ Արարատ Միրզոյան, Փաշինյան, Սիմոնյան հայտարարել են, որ Հայաստանը չի անելու որևէ հակառուսական քայլ, չի ինտեգրվելու Եվրոպային ու որևէ ցանկություն ու նպատակ չունի ինտեգրվելու միությանը։ ԱԺ-ում ընդունված Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության օրենքը զուտ Եվրոպայից փող պոկելու, բայց ռուսներին թանկ վաճառվելու ձև է։

Այսպիսով հիմա՝ ըստ էության, տեղի է ունենում հետևյալը. Ռուսաստանը Հայաստանը վաճառում է Թուրքիային՝ Ուկրաինայում իր գլուխը պահելու համար։ Իսկ Փաշինյանի կառավարությունը այս գործարքում կատարում է «բրոքերի» դերը, ով ձևակերպում է այդ վաճառքը որպես «խաղաղության դարաշրջան» կամ «իրական Հայաստան», ստանալով իր տոկոսադրույքը իշխանության տեսքով։
Սա ուղղակի պրոհայկական քաղաքականություն չէ, սա պետականության հիմքերի հետևողական քայքայում է, որտեղ ռուսական շահը և ներկա իշխանության գոյատևման բնազդը համընկել են։