
Ապրիլյան քառօրյայի ժամանակ ես կորցրել եմ իմ ավագ որդուն՝ Նորայր Հաջյանին, ապրիլի 4-ին է զոհվել Թալիշի դիրքերում, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին կրտսեր որդիս՝ Երվանդ Հաջյանն է զոհվել, երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը։
«Ցավը իհարկե խորն է, ինչ-որ տեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որովհետև թոռներ ունեմ, հանուն նրանց ապրում եմ։ Ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, ընդհակառակը, ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ՝ չմտածելով, որ ես էլ իրենց նման միս ու արյուն եմ, կսկիծը իմ մեջ եմ պահում, բայց իմ ժպիտով փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, ուրախություն նկարել նաև նրանց դեմքերին։
Տղաները կամավորականներ են եղել, աշխարհազորայիններ են եղել։ Ավագ որդիս 16 տարեկանից, մենք դեռ Երևանում էինք ապրում, գնացել է, լծվել ազատամարտին, ու մինչև պատերազմի ավարտը մասնակցել է մարտերին տարբեր ջոկատների կազմում։
Որդիներիցս ոչ մեկն էլ ինձ նախապես չի զգուշացրել, թե գնում ենք կռիվ։ Անկեղծորեն ասած, որպես հայր եմ ասում, հնարավոր է՝ ես նրանց փորձեի հետ համոզել, բայց ես գիտեի, որ նրանք չեն լսելու ինձ այդ առումով։
Ես իմ որդիների զոհվելուց հետո Արցախում միշտ ասում էի, որ Արցախի ամենաբազմազավակ հայրն եմ, որովհետև բոլոր այդ տղաները իմ զավակներն են»,–ասաց նա։
Հաջյանի խոսքով, 2016–ի ապրիլյան պատերազմը 2020–ի սեպտեմբերյան 44–օրյա պտերազմի նախադեպ սցենարն էր, որը չհաջողվեց. «Թշնամու դեմ կռվելը որքան էլ դժվար, բայց այնքան էլ դյուրին է, որովհետև գիտես թշնամին դիմացդ է։ Բայց եր սադրանք է իրականացնում թիկունքում ինչ-որ մեկը, յուրայինը, այդ դեպքում արդեն զինվորը չի կարողանում կռվել։ Մենք փաստորեն 2023 թվականին տանուլ տվեցինք այդ սադրանքների պատճառով։ Բայց ես վստահ եմ, իմ երազանքն է, որ պետք է իրականանա Արցախ վերադարձը»,– ընդգծեց նա։