
ՀՀ իշխանությունների թեզերից մեկն է այն, որ 2023-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը “պայմաններ էր ստեղծում”, որ արցախցիները մնան Արցախում, տեղահանություն չկինի, բայց “որոշ” ուժեր զավթեցին իշխանությունը, որպեսզի հանձնեն և լուծարեն Արցախը։
Մեղադրանքներին, որ Արցախում տեղի է ունեցել իշխանազավթում, որից հետո հենց ինքն է իր ստորագրած հրամանագրով հանձնել Արցախը, Արցախի այն ժամանակվա նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց. «Դուք տեղյակ եք, որ մինչև բռնի տեղահանումը, վերջին մոտ 9-10 ամիսները Արցախի Հանրապետության ժողովուրդը գտնվում էր բլոկադայի մեջ և արդեն հունիսի 15-ից Հակարիի կամուրջում հայտնի դրոշի հետ կապված միջադեպից հետո մենք հայտնվել ենք լիակատար շրջափակման և պաշարման մեջ։
Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին, և ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտում ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, երկար փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Բոլոր փորձերը բլոկադայի ժամանակ են եղել։ Վերջին անգամ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ ինքը պետք է հրաժարական տա, և հիմնավորում էր, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախը այդ իրավիճակից։ Որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ես չեմ տեսել քաղաքական գործիչների, էքս նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից։ Արայիկ Հարությունյանը զբաղված էր նաև թեկնածուների որոնման հարցով։
Առնվազը հինգ-վեց հոգու հետ ինքը քննարկել է նման հարցեր, և քանի որ Արցախի սահմանադրության փոփոխությունից հետո պետք է Ազգային ժողովը ընտրեր նախագահ, դա չէր լինի դասական նախագահ, ինքը պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահը պետք է շարունակել այն ծրագրերը, որոնք հաստատել էր գործող կառավարությունը։
Այսօր Հայաստանի իշխանությունները և իրենց մերձավոր շրջապատը խոսում է իշխանության զավթման մասին։ Եթե նկատի ունեն բռնի կամ ճնշումների տակ փոփոխության մասին, դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Արայիկ Հարությունյանը փորձում էր այնպիսի թեկնածու գտնել, որը նաև Ազգային Ժողովում կստանար բավականին քվեներ ընտրվելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր 5 քաղաքական ուժերից առնվազն 4-ի համաձայնությունը։
Դուք գիտեք, որ Արցախի ԱԺ–ում ամենամեծ քաղաքական ուժը դա Արայիկ Հարությունյանի ստեղծած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն էր, որը միաձայն սատարել է իր որոշմանը։ Այսօր խոսում են, որ Դաշնակցությունը իշխանություն է զավթել, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ Դավիթ Իշխանյանը որպես Դաշնակցության ներկայացուցիչ, որ ընտրվել է Ազգային ժողովի նախագահ, ընտրվել է անձամբ Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ և խնդրանքով»,–ասաց նա։