
Արցախի հանրային խորհրդի կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ իրավապաշտպան Նարե Սիմոնյանն անդրադարձավ արցախցիների ընտրական իրավունքին։ Նրա խոսքով՝ արցախցիներն ունեցել են ՀՀ անձնագիր, այդ անձնագրով աշխատել են ՀՀ տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ դիվանագիտական։ Եվ միակ խնդիրը, որը եղել է, այն է, որ արցախցիները չեն կարողացել ՀՀ-ում մասնակցել համապետական ընտրություններին։
«Բայց 2021 թվականին ունեցանք 124 դեպք, երբ արցախցիներն իրենց արցախյան գրանցումով եւ 070 կոդով անձնագրով դիմել են դատարան՝ Հայաստանի համապետական ընտրություններին մասնակցելու, իրենց ընրական իրավունքը հաստատելու համար։ Եվ բոլոր 124 դեպքերում արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելը հաստատվել է, նրանց տրվել է իրավունք՝ մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ այդ ճամփորդական անձնագիր տերմինը, որը շրջանմառում են, հորինվածք է։ Այս իրավիճակը փախստականների նկատմամբ իրավական բռնություն է կոչվում»,- ասաց նա։
Նարե Սիմոնյանը նաեւ նշեց, որ նորից պետք է դիմել դատարան՝ արցախցիների ընտրական իրավունքը վերականգնելու պահանջով․ «Եթե դատարանները 2021 թվականին 124 դեպքով բավարարել են դիմումները եւ այս դեպքում չեն բավարարի, մենք արդեն պետք է ֆիքսենք, որ դիմել ենք, եւ անհասկանալի պատճառներով այս անգամ չեն բավարարվել»։
Ըստ իրավապաշտպանի՝ իրավական գործընթացները եւ Հայաստանում, եւ միջազգային հարթակներում պետք է շարունակվեն։