
Արցախի Հանրային խորհուրդն այսօր կազմակերպել էր պանելային քննարկում՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումների, անձանց նկատմամբ հետապնդումների, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի շուրջ ձևավորվող խոսույթի թեմայով։
«2023 թվականի Արցախի կորստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն է ամեն ձեւով գտնել մեղավոր եւ արախցիներին մեղադրել Արցախի կորստի հարցում։ Միջազգային տերմինաբանությամբ սա կոչվում է զոհին մեղադրել»,- ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դերսեւորումներին։
Երկրորդ նարատիվը, որը, Ստեփանայանի խոսքով, արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հիմք է դառնում, անշնորհակալության նարատիվն է։ Հայաստանում արցախցիներին մեղադրում են անշորհակալ լինելու մեջ, ասում, թե Հայաստանի Հանրապետությունը տարիներով աշխատել ու պահել է արցախցիներին։ Ըստ Ստեփանյանի՝ սա մի կեղծ ու փչված փուչիկ է, որը 30 տարի փչվել է, եւ հիմա արդեն պայթում է՝ իր ճանապարհին թիրախավորելով բոլորին։ Իսկ այսօր այդ թեզը պետական մակարդակով է շրջանառվում։
«Այն ժամանակահատվածներում, երբ քաղաքական պրոցես կա Հայաստանում կամ երբ արցախցիները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին, ատելության խոսքի դոզան մեծ ծավալների է հասնում»,- ասաց Ստեփանյանը։
Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանի խոսքով՝ ոչ միայն ատելության խոսք, այլ նաեւ ատելության խոսույթ կա։ «Մենք տեսնում ենք, որ հիմնական նարատիվներն անշնորհակալ լինելու, փախնելու, զինվորներին մի բաժակ ջուր չտալու, Հայաստանը չսիրելու մասին են։ Միշտ կարող ենք տեսնել, որ այդ խոսույթը համակարգված առաջ է տարվում կամ օրվա իշխանությունների հայտարարություններից հետո, կամ նախորդում է նման հայտարարություններին։ Վերջին օրինակը Նիկոլ Փաշինյանի ասածն էր, թե «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ հանձնել»։ Այսինքն՝ կարող ենք հստակ ֆիքսել, որ արցախցիների նկատմամբ ատելության քարոզը համակարգված գործընթաց է հենց ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց իրավապաշտպանը։
Նախընտրական փուլում այդ խոսույթը մեծ թափ է ստացել։ Նարե Սիմոնյանի խոսքով՝ ատելության գործիքները կիրառելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց ընտրազանգվածը մոբլիզացնել ու տարբեր «թշնամիներ» հորինել, հետո էլ պայքարել այդ «թշնամիների» դեմ։ Տվյալ դեպքում թիրախում ազգային ինքնություն կրող տարրերն են, օրինակ, եկեղեցին, արցախցիները։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց․ «Ատելության խոսքը դա գոծիքներից մեկն է, որը ոչ միայն արցախցիների, այլ հայության դեմ է ուղղված։ Այդպիսի գործողություններն ուղղակի ամենահզոր ու ուժեղ սպառնալիքն են ներքին անվտանգությանը»։