
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ հղած իր ուղերձում ընդգծել՝ Արցախյան պատերազմից տարիներ անց «տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն»։
«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ», – նշել է Գարեգին Բ-ն։
Կաթողիկոսը չի հիշատակում օկուպացված Արցախում մնացած եկեղեցիների պահպանման և հասանելիության անհրաժեշտությունը, ինչի մասին խոսել է մեկ տարի առաջ՝ Շվեյցարիայում։ Որպես Արցախուն մնացած եկեղեցիների անվերապահ սեփականատեր՝ Կաթողիկոսը կտրուկ հարց էր բարձրացրել Շվեյցարիայում, ինչը խառնել է հանցավոր կառավարությունների պլանները, որոնք “ճանաչել” են Արցախը Ադրբեջանի մաս։ Բա մեր եկեղեինե՞րը, հարցրել է Կաթողիկոսը, ի պատասխան ստանալով կատաղի հակաեկեղեցական արշավանք։
Այդ արշավը դեռ չի մարել․ ՔՊ-ն Գարեգին Բ-ի “գործից ազատելը” առանձին կետով մտցրել է իր նախընտրական ծրագրի մեջ։ Սակայն Ավստրիայում մեկամիս առաջ կայացած Եպիսկոպոսների հավաքից հետո, որի հայտարարության մեջ չկար հիշատակում Արցախում մնացած եկեղեցիների մասին, նախկինում կալանավորված գրեթե բոլոր եկեղեցականները ազատվեցին հայաստանյան բանտից։ Փաշինյանը մասնակցեց պատարագների, որտեղ հիշատակվում էր Գարեգին Բ-ի անունը, սակայն ընդհանուր առմամբ “զինադադար” կնքվեց։
Այդ զինադադարի իմաստն այն է, որ Եկեղեցին այս պահին չի պնդում Արցախում մնացած եկեղեցիների հանդեպ իր սեփականության իրավունքը, կառավարությունն էլ դադարեցնում է ակտիվ հակաեկեղեցական շարժումը։
Մինչև ընտրություններ՝ հետո կերևա։ Կամ Եկեղեցին ավելի նախանձախնդիր կպնդի Արցախում մնացած եկեղեցիների հանդեպ իր իրավունքը, կասկածի տակ դնելով “Արցախը զոհաբերենք, որ սեպտեմբերին պատերազմ չլինի” թեզը, կամ “խաղաղության կուսակցությունը” վերջնական կհաղթի Եկեղեցուն։
Ահա թե ինչու Զատիկի օրը կաթողիկոսը հորդորել է աղոթել «պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհայտ կորածների ու նրանց ընտանիքների համար», բայց չի հիշատակել Արցախի եկեղեցիները։ Ահա թե ինչու Փաշինյանը երեկ հիշել է Հռոմի Պապի հետ հանդիպումը, նրա հարցը, թե ինչու Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղյան շարժումից, և Փաշինյանի պատասխանը՝ որ մենք ուզում ենք խաղաղություն կառուցել։