Արցախյան փախլավայի ու ժենգյալով հացի վարպետաց դասեր

  • 23:14 05.04.2026

Ապրիլի 4-ին Երևանի LOFT-ը կրկին Արցախով էր շնչում։ Այս անգամ կազմակերպվել էին արցախյան ավանդական ժենգյալով հացի ու փախլավայի վարպետաց դասեր, որոնք իրենց շուրջն էին հավաքել մի խումբ հետաքրքրասեր ու արցախյան խոհանոցը սիրող մարդկանց։

Ժենգյալով հացի վարպետաց դասն անց էր կացնում Մարինե Գաբրիելյանը, իսկ փախլավայի դասը՝ Իդա Պողոսյանը։

Իդան, ողջունելով ներկաներին, պատմեց, թե ինչպես է կյանքի կոչվել օրվա միջոցառումը

-Միացյալ Թագավորության Հայ Դատի Հանձնախումբը (ANC-UK), որը բրիտանա-հայ ամենաազդեցիկ կազմակերպությունն է, փետրվարի 8-ին ցուցադրել է ռեժիսոր Էմիլի Մկրտչյանի հանրաճանաչ «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Հավաքած գումարի մի մասը փոխանցվել է «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ նախաձեռնող խմբին, որի ղեկավարն է Ելենա Սարկիսյանը։ Առանց Ելենայի մասնակցության և նախաձեռնությունների անհնարին կլիներ որևէ ծրագիր իրականացնել, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան։ Այդ գումարով որոշել ենք կազմակերպել վարպետաց դասեր․ նպատակն է արցախյան խոհանոցի սիրված ուտեստները պահպանել ու տարածել։ Ուրախությամբ նշեմ, որ այսօրվա վարպետաց դասին ներկա է նաև ֆիլմի հերոսուհիներից մեկը՝ Սոսե Բալասանյանը։ Ֆիլմում նկարվել է նաև մեր համերկրացի, մեր կենտրոնին միշտ աջակցող Սիրանուշ Սարգսյանը, ինչպես նաև Սվետլանա Պետրոսյանը և Գայանե Համբարձումյանը։

Մարինեն խոսեց «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ-ի մասին

-Մենք հանդիսանում ենք ՀԿ-ի «Վերածնունդ» ծրագրի շահառուներ, որի շրջանակներում սկսել ենք փոքր բիզնես իրականացնել՝ ձեռք բերելով համապատասխան սարքավորումներ և նոր գիտելիքներ։ ՀԿ-ի հիմնադրման օրվանից շահառու եմ և բազմիցս եմ մասնակցել տարբեր փառատոնների, ցուցահանդես-վաճառքների, ինչպես նաև անց եմ կացրել վարպետաց դասեր։ Ժենգյալով հաց պատրաստելն ու սովորեցնելն ինձ համար մեծ հաճույք է, քանի որ այն տանում է ինձ Արցախ, որտեղ իմ բոլոր հիշողություններն են։ Մենք պարտավոր ենք ամենուր հնչեցնել Արցախի անունը, պահպանել արցախյան ոչ մշակութային ժառանգությունը, որպեսզի երբեք չմոռացվեն մեր համն ու հոտը, մեր քաղցրահունչ բարբառը, համի հիշողությունները։

Միջոցառման սկզբում անցկացվեց փախլավայի, ապա ժենգյալով հացի վարպետաց դասը։ Րոպեների ընթացքում տարածվեց քաղցրահամ փախլավայի ու ախորժալի ժենգյալով հացի անուշաբույրը։ Աղջիկներն իրար հերթ չտալով ժենգյալով հաց էին պատրաստում, և նրանց մոտ շատ լավ էր ստացվում, իհարկե, վարպետների օգնությամբ ու ցուցումներով։ Մինչ նրանք թխում էին, մեղրածոր փախլավան արդեն պատրաստ էր։ Միջոցառումն ուղեկցվում էր կատակներով, զավեշտալի հիշողություններով, խինդ ու ծիծաղով, իսկ արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանի «Ղարաբաղցին» երգի կատարումը բազմապատկել էր ներկաների ոգևորությունը։ Վարպետաց դասերն անցան անկաշկանդ, ջերմ ու սիրառատ մթնոլորտում։ Ուշագրավ էին Սոսեի խոսքերը, երբ նա տրվել էր հաճելի հիշողություններին և հորդորում էր երբեք չկորցնել տուն վերադառնալու հույսը։ Նա հավատում է, որ նման միջոցառումներ դեռևս կլինեն Արցախում։

Միջոցառման վերջում բոլորը հավաքվեցին սեղանի շուրջը, համտեսեցին համատեղ աշխատանքի արդյունքը, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին։ Օրն այնքան հաճելի էր, որ աղջիկները մեծ դժվարությամբ բաժանվեցին իրարից՝ ակնկալելով նոր հանդիպումներ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ