Այսօր մենք խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Թատերական Աղբյուրը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի համակարգված ոչնչացումը դարձել է համատարած՝ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նման գործողությունները վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականության մասին՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմամշակութային հետքի ջնջմանը։
Այս գործընթացների նկատմամբ լռությունն ու անգործությունը անընդունելի են։
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են բարձրագույն մակարդակով արձագանքել ստեղծված իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը, որպես համամարդկային մշակութային արժեքների պահպանման պատասխանատու, կրում է ուղիղ պատասխանատվություն՝ կանխելու նմանատիպ գործողությունները և ապահովելու մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Հայկական մշակութային ժառանգությունը հանդիսանում է ոչ միայն մեր ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչ, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մաս։
Դրա պաշտպանությունը պետք է դառնա ինչպես համազգային առաջնահերթություն, այնպես էլ միջազգային օրակարգի կարևոր բաղադրիչ։