Փոքր ընտանիք՝ մեծ մարտահրավեր

  • 00:03 07.04.2026

Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ ամենաակտուալը՝ կապված մի շարք մարտահրավերների հետ: Առավել խնդրահարույց է փոքր կազմով ընտանիքների հարցը:

ՍիվիլՆեթ լրատվականում թեմային է անդրադարձել լրագրող Իրինա Հայրապետյանը: Ըստ նրա՝ փոքր կազմով ընտանիքները հայտնվել են ծրագրի «կույր գոտում»: Ծրագրով տրամադրվող գումարը բավականին քիչ է բնակարանի վարձավճարը տալու համար՝ հաշվի առնելով Հայաստանի անշարժ գույքի շուկայական գները: «Սա նշանակում է, որ հենց ամենախոցելի խմբերից մեկը՝ միայնակ, տարեց անձինք կամ երիտասարդ ընտանիքները ստեղծված ծանր պայմաններում նվազագույն աջակցություն են ստանում»,- պարզաբանում է  հեղինակը։ «Մեկ այլ վիճահարույց դրույթ վերաբերում է շահառուների տարիքային չափանիշներին։ Ըստ գործող կարգավորման՝ մինչև երեք անդամ ունեցող ընտանիքները կարող են օգտվել ծրագրից միայն այն դեպքում, եթե ընտանիքը բաղկացած է միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 և ավելի տարեկան անդամներից, ինչպես նաև այն դեպքում, եթե նրանց տարիքների հանրագումարը կազմում է առնվազն 115 տարի՝ երկու անդամի դեպքում, և 175 տարի՝ երեք անդամի դեպքում: Սակայն այս մոտեցումը, ըստ փորձագետների, արհեստական սահմանափակումներ է ստեղծում։ Օրինակ՝ միայնակ մայրը երկու երեխաների հետ դուրս է մնում ծրագրից միայն այն պատճառով, որ չի հասնում այդ տարիքային շեմին՝ չնայած ակնհայտ սոցիալական խոցելիությանը»,- հավելում է լրագրողը։

Հոդվածում տեղ են գտել նաև առաջարկներ, որոնք շահառուները որոշում ընդունող կառույցներին հորդորում են հաշվի առնել: Դրանք են՝

  • փոխել «չեն ցանկացել օգտվել ծրագրից» ձևակերպումը՝ ընդգծելով, որ շատ ընտանիքներ պարզապես չեն կարողանում օգտվել ծրագրից
  • վերացնել տարիքային սահմանափակումները, որոնք խոչընդոտում են նույնքան խոցելի, բայց ավելի երիտասարդ ընտանիքների մասնակցությանը
  • վերանայել վարձակալության պայմանագրի պարտադիր պահանջը և ներդնել վերահսկող ու կարգավորող մեխանիզմներ
  • բարձրացնել սոցիալական աջակցության չափը և սահմանել նվազագույն երաշխավորված շեմ փոքր ընտանիքների համար
  • ներդնել աջակցության չափի վերանայման (ինդեքսավորման) մեխանիզմ՝ հաշվի առնելով շուկայական փոփոխությունները
  • երկարաձգել դրամական աջակցության ստացման ժամկետները՝ նվազեցնելու համար վարչարարական խոչընդոտները։

Հոդվածում, բացի արծարծված խնդրից, ներառվել է նաև հարցում, որտեղ փոքր կազմով ընտանիքները կարող են մասնակցել, իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել՝ ընտրելով հարցման տարբերակներից մեկը, ինչպես նաև մեկնաբանությունների բաժնում թողնել կարծիքներ ու առաջարկներ:

Հարցին՝ «Մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ փոքր կազմով ընտանիքների համար ՀՀ կառավարության նոր ծրագրին», 405 օգտատերեր պատասխանել են՝

  • Այո՛, եթե ծրագրի պայմաններին մեր ընտանիքը համապատասխանի 61 %
  • Ո՛չ, կնախընտրեմ պահպանել բնակարան ձեռք բերելու հավաստագիրը 15%
  • Կմասնակցեմ, եթե ծրագրում որոշ փոփոխություններ իրականացվեն 7%
  • Մեկնաբանություններում նշեք, թե ինչ փոփոխություններ կցանկանայիք 17%

«Մեկնաբանություններ» բաժնում օգտատերերը գրել են իրենց կարծիքներն ու առաջարկները:

«Բնակապահովման ծրագիրը սխալ սկզբունքով է կազմված։ Բնակարանի ձեռք բերման գումարը պետք է հատկացնեն ընտանիքին, ոչ թե մարդուն։ Մեծ կազմով ընտանիքները և՛ տուն են առնում, և՛ կահույք, իսկ փոքր թվով ընտանիքները պետք է ամբողջ կյանքում անտուն մնան, կամ վարկի տակ մտնեն։ Իսկ փոքր ընտանիքներին վերաբերող նոր ծրագիրը հարմար է միայն թոշակառուներին։ Անչափահաս երեխա ունեցող կամ երիտասարդ փոքր ընտանիքների համար այլ ծրագիր պետք է մշակել»,- նշում է օգտատեր Արմիդա Աբրահամյանը։

«Սոցիալական անարդարություն, փախստականների իրավունքների խախտում, մինչդեռ նույն պայմանները չեն գործում վերաբնակիչների ծրագրում, այնտեղ 1 անձը համարվում է ընտանիք և ստացել է մինիմում 8 մլն սերտիֆիկատ և իրացրել»,- նշում է Սուսաննան։

Եղել է նաև այսպիսի կարծիք: «Շնորհակալություն արցախյան ընտանիքների բնակարանային նպաստների հետ կապված համակարգային խնդիրները ընդգծելու համար: Մեր մտերիմ ընկերները փախստականներ են, և նրանք բախվում են հենց ձեր նշած խնդիրներին, որոնք խանգարում են նրանց օգտվել բնակարանային ծրագրից: Ես կցանկանայի տեսնել նրանց անվտանգ, տաք և կառուցվածքային առումով ամուր տանը, որը նրանցն է: Սակայն ներկայումս դա անհնար է»,-Մաուրեն Գումուս:

Հիմնական եզրակացություններ

Հարցվածների 61%-ը պատրաստակամ է մասնակցել ծրագրին, ինչը խոսում է բնակարանային խնդրի հրատապության մասին։ Թեման բավականին արդիական է և ունի բարձր հետաքրքրվածություն:

Մասնակիցների 24%-ը (17% + 7%) գտնում է, որ ծրագիրը լրամշակման կարիք ունի կամ ունի սեփական առաջարկներ։ Սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, որը դեռ պետք է գործարկվի, արդեն իսկ բավականին հրատապ հարցեր ու անհամաձայնություններ է իր մեջ պարունակում:

Իսկ ահա յուրաքանչյուր 7-րդ հարցվածը (15%) նախընտրում է ռիսկի չգնալ և պահպանել բնակարան ձեռք բերելու հավաստագիրը։

Հարցումն արտացոլում է 405 օգտատերերի սուբյեկտիվ կարծիքը և կարող է չներկայացնել բոլոր տեղահանվածների համընդհանուր տեսակետը, սակայն այն հստակ պատկերացում է տալիս առկա տրամադրությունների մասին։

Գայանե Զաքարյան