
Ռիտա Բեգլարյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել։ Միայնակ մայր է․ երկու երեխաների և թոշակառու մոր խնամքը նրա ուսերին է։
Արցախի տեղահանությունից հետո Ռիտան հայտնվել է անվերջանալի դժվարությունների մեջ։ Իրեն անօգնական ու մենակ է զգում, իսկ թե ինչ կլինի ապագայում՝ վախենում է պատկերացնել։
Երկու երեխաների մայրը հուսահատ է
-Ամեն մարդ իր ճակատագիրն ունի։ Իմն էլ այսպես է դասավորվել․ միայնակ եմ մեծացնում երեխաներիս։ Մինչև 2024 թվականը մի կերպ ապրում էինք, քանի որ ստանում էի պետության կողմից տրամադրվող աջակցությունները։ Հետո ավագ դստերս աջակցությունը դադարեցվեց, իմը՝ նույնպես։ Պարզվեց, որ երեխայիս հայրը (նա ճանաչել է հայրությունը) բնակարան է ձեռք բերել, ու իմ երեխան այնտեղ ունի իր մասնաբաժինը։ Դա դարձել է տրամադրվող բնակվարձի աջակցության դադարեցման պատճառը։
Դիմել եմ պատկան մարմիններին, ստացել նույն պատասխանը՝ ձեր երեխան այլևս բնակվարձի աջակցության շահառու չի հանդիսանում։ Ստիպված էի դիմել դատարան, որ դատական կարգով լուծվի այդ հարցը։ Իմ երեխան ապրում է ինձ հետ, նա ոչ մի կապ չունի հոր ու նրա ընտանիքի հետ։
Մեկ տարուց ավել է, ինչ ընթանում են դատական նիստերը։ Վերջնական որոշումը պետք է կայացվի մայիսի 27-ին։
Ամենավատն այն է, որ աղջիկս չի հանդիսանում բնակապահովման ծրագրի շահառու։ Հայտնվել եմ անելանելի դրության մեջ։ Մայրս թոշակառու է, նրա թոշակը հերիքում է միայն դեղորայք գնելու համար։ Ես ոչ մի աջակցություն չեմ ստանում, քանի որ մտել եմ աշխատանքի։ Աշխատավարձս կազմում է ընդամենը 105 հազար դրամ, իսկ տան վարձավճարը՝ 120 հազար է։
Ապրում ենք Երևանի նախկին հանրակացարաններից մեկում՝ 4 հոգով զբաղեցնելով ընդամենը մեկ սենյակ, որը և՛ խոհանոց է, և՛ ննջարան, և՛ հյուրասենյակ։ Անցած ամսվա տան վարձավճարը չէի կարողանա տալ, եթե բարի մարդիկ չօգնեին։ Շուտով նորից պետք է վճարեմ ու չգիտեմ կկարողանա՞մ արդյոք։ Տանտերը կտրուկ ասել է՝ եթե ժամանակին չվճարեք, ազատեք բնակարանը։ Վախենում եմ երեխաներիս ու մորս հետ հայտնվել դրսում:
Ռիտա Բեգլարյանը մասնագիտությամբ պարուսույց է։ Ինչպես ինքն է ասում՝ Արցախում մի քանի տեղ էր աշխատում, երեխաներին պարել սովորեցնում ու դա անում էր մեծ սիրով։ Ուներ 3 սենյականոց իր բնակարանը Ստեփանակերտ քաղաքում։ Կյանքից չէր դժգոհում, օրվա հացը վաստակում էր իր քրտինքով։ Հիմա հայտնվել է այնպիսի վիճակում, որ ոչ մեկին չի ցանկանա։
-2024 թվականին ավտովթարի ենթարկվեցի։ Մի քանի ամիս չէի կարողանում շարժվել ու բնականաբար չէի աշխատում։ Հենց այդ ժամանակ էլ դադարեցվեցին մեր բնակվարձի աջակցությունները։ Ստիպած էի իմ ունեցած ոսկեղենը գրավադրել, որ ապրուստի միջոց ունենանք։ Հայտնվեցի վարկերի մեջ, արդյունքում կորցրի ոսկեղենը և այսօր ոչինչ չունեմ։
ՀՀ քաղաքացիություն եմ ընդունել, սպասում եմ մայրս ևս Հայաստանի քաղաքացի դառնա․ գո՞ւցե հնարավոր լինի բնակարան ձեռք բերել, թեև հույս չունեմ։ Ավտովթարից հետո առողջությունս վատացել է, սակայն փորձում եմ գիշեր-ցերեկ աշխատել, որ գոնե տան վարձը վճարեմ։ Կարելի է ասել գոյատևում ենք փոքր աղջկաս տրամադրվող նպաստի ու բնակվարձի աջակցության հաշվին։
Իմացել եմ, որ Երևանում օգնություն (սնունդ և հիգիենայի պարագաներ) են տրամադրում արցախցիների տարբեր խմբերի։ Դիմել եմ, սակայն ինձ մերժել են՝ ասելով, որ ոչ մի խմբում իմ ընտանիքը չի ներառվում, չնայած միայնակ մայր եմ և խնամում եմ թոշակառու մորս։
Խնդրում եմ բարեգութ մարդկանց անտարբեր չանցնել իմ ընտանիքի կողքով։ Ես շատ ծանր դրության մեջ եմ, ունեմ օգնության կարիք։ Իմ ընտանիքը ցանկացած պահի կարող է հայտնվել դրսում:
Կարինե Բախշիյան