
Իսրայելի նախորդ օրը Լիբանանին հասցրած ուժգին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 250-ի։ Իր հերթին, Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը կարևոր պայման է ԱՄՆ-ի հետ երեկ կնքված հրադադարի համաձայնության համար։
Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով, մինչդեռ, երկրում զոհվել է 254 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1100-ը։ Երեկոյան նոր հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին էր հայտարարել՝ Լիբանանը ներառված չէ Իրանի հետ հրադադարի պայմանավորվածության մեջ, և գործողությունները «Հեզբոլայի» դեմ շարունակվում են։ Նույնը հաստատել են նաև Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիթը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, որ հարձակումների շարունակման դեպքում դրանց կհետևի «ափսոսանք առաջացնող պատասխան»։
Սակայն Իրանն, ըստ ամենայնի, դուրս չի գա բանակցություններից, թեկուզ այն անիմաստ է համարում։ Պակիստանում արդեն պատրաստվում են ապրիլի 10-ին նախատեսված բանակցություններին։ Ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի փոխնախագահ Վենսը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը։
Իսրայելը բացահայտ խոսում է Լիբանանի հարավի օկուպացիայի մասին՝ “անվտանգության գոտի” ստեղծելու պատռվակով։ Եթե Իրանն ու ԱՄՆ սկսեն բանակցություններն առանց Լիբանանի հարցի լուծման, դա կնշանակի, որ այս պատերազմի նպատակն էր՝ Լիբանանի մասնատումը։ Դա կարող է նախադեպ լինել մնացած փոքր պետությունների մասնատման և էքսպանսիոն երկների խոշորացման համար։