
Հունգարացի ընտրողների ավելի քան 70%-ը քվեարկեց ընդդիմության առաջնորդ Մագիարի օգտին՝ նրան տալով ոչ միայն պարզ, այլև սահմանադրական մեծամասնություն, որը հնարավորություն կտա էական փոփոխություններ կատարել երկրում: Ամբողջ գիշերվա ընթացքում վերլուծաբանները կարճ գնահատականներ էին տալիս ընտրությունների արդյունքներին. ավտոկրատների՝ Թրամփի, Պուտինի, Էրդողանի վերջի սկիզբը, Եվրոպայի՝ որպես ուժային կենտրոնի ամրապնդումը, կործանարար ամենաթողության և միջազգային իրավունքի խախտման վերջը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունեց ընդդիմության առաջնորդ Պետեր Մագիարի «Տիսա» կուսակցության հաղթանակը: «Հունգարիան ընտրել է Եվրոպան: Եվրոպան միշտ է ընտրել Հունգարիան», – գրել է նա։
«Երկիրը վերադառնում է իր եվրոպական ուղուն: Միությունն ավելի ուժեղանում է: Այսօր երեկոյան Եվրոպայի սիրտն ավելի ուժեղ է բաբախում Հունգարիայում», – հավելել է նա։
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Էլոն Մասկը, մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի հայտարարությունը Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, պնդել է, որ Սորոսի հիմնադրամներն են իշխանություն ստանձնել Հունգարիայում: Ալեքսանդր Սորոսը ավելի վաղ հայտարարել էր, որ հունգար ժողովուրդը «վերադարձրել է իր երկիրը»: «Սորոսի կազմակերպությունն է իշխանություն զավթել Հունգարիայում», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Ընտրություններից առաջ վերլուծաբանները Վիկտոր Օրբանի շանսերը վարձր էին գնահատում՝ զգուշացնելով, որ եթե Օրբանը հաղթի, կսկսվի Եվրոպայի քայքայումը։ Բրյուսելը հրապարակավ չի զբաղվել նախընտրական քարոզչությամբ, սակայն ԵՄ-ն գիտակցում էր, որ սա շրջադարձային պահ է։
Այժմ այդ պահը հասել է, և ԵՄ-ն հզոր հնարավորություն ունի վերադառնալու միջազգային կանոններին և դադարեցնելու ավտոկրատների կործանող ամենաթողությունը։
Առանց Օրբանի և ԵՄ-ի աջակցության չէր լինի Արցախի օկուպացիան և տեղահանությունը։ Արցախի թեման շարունակում է քննարկվել աշխարհի մայրաքաղաքներում։ Արցախյան հարցի քաղաքական և իրավական կարգավորման վերսկսումը կարող է կարևոր գործիք դառնալ ԵՄ-ի համար՝ միջազգային իրավական կարգին վերադառնալու, որտեղ ուժային լուծումները չեն համարվում օրինական։
Ոչ մի այլ ուժային կենտրոն չունի այնպիսի հնարավորություն, ինչպես ԵՄ-ն։ Մայիսի առաջին օրերին Երևանում կանցկացվեն եվրոպական գագաթնաժողովներ, և վիճելի քաղաքական հարցերը լուծելու համար ուժի կիրառման վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելը կարող է հնարավորություն լինել եվրոպական ղեկավարության համար։