Արցախի ստեղծագործ ոգին անպարտելի է

  • 15:55 13.04.2026

Օրերս կայացել է «Մոնթե-Ավո բարեգործական ընկերության կողմից կազմակերպված «Երբ Արցախը խոսում է իր հեղինակների շուրթերով» խորագիրը կրող պոեզիայի ցերեկույթը։

Միջոցառումը հուզիչ ու խորհրդանշական էր։ «Արցախցին կարդում է» գրքարշավի մրցանակակիրները հնարավորություն են ունեցել հանդիպելու արցախցի հայտնի բանաստեղծների հետ, լսել նրանց խոսքը։

Այդ օրը ոչ միայն ընթերցանության տոն էր, այլ նաև հոգևոր վերածննդի ճանապարհ։ Աճող սերունդն իր վրա է վերցրել Արցախը մեր սրտերում միշտ վառ պահելու, սերունդներին փոխանցելու առաքելությունը։

Օրը լի էր լույսով, հավատով, հիշողություններով, սիրով ու ջերմությամբ։  Մասնակիցների ասմունքը, ելույթները առհավատչյան էին նրա, որ Արցախի ստեղծագործ ոգին անպարտելի է։

Մոնթե-Ավո բարեգործական ընկերության նախաձեռնած պոեզիայի ցերեկույթը, որը սերնդից սերունդ փոխանցվող յուրահատուկ մի կամուրջ էր, ապացույցն էր նրա, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա նվիրվածություն ու մեծ նպատակ։

«Մոնթե-Ավո բարեգործական ընկերություն» ՀԿ-ն գործում է Աշոտ Ջիվանյանի աջակցությամբ՝ իրականացնելով մի շարք կրթամշակութային, գրական-գեղարվեստական, Արցախի ինքնության պահպանմանը միտված ծրագրեր։