Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղը հարուստ պատմամշակութային միջավայր ունի, որն ընդգրկում է պատմական տարբեր ժամանակաշրջաններ։ Հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ ունեն գերեզմանոցում պահպանված, ցավոք՝ մեկը ջարդված վիճակում, 2 խաչքարեր, որոնք իրենց զարդաքանդակներով, տեխնիկայով ու չափերով համարվում են Արցախի լավագույն խաչքարերից:
Կայծքարից կերտված խաչքարի վրա կիրառված արտահայտչամիջոցները վկայում են դասական քանդակագործության մասին։ Բուն խաչքարի բարձրությունը 2.5 մ է, լայնությունը` 0.82, իսկ հաստությունը` 19.20 սմ: Քիվի ամբողջ մակերեսը և խաչաթևերի շուրջը ծածկված են մանվածո զարդանախշերով, բուսական մոտիվներով: Շատ հետաքրքիր է հատկապես հուշարձանի ստորին մասը, ուր ներկայացված են մատուցարանն իր պարունակությամբ և կնոջ ու տղամարդու պատկերներ: Սա կարծես թե հերթական հաղթանակից վերադարձած տղամարդուն (իշխանին) դիմավորելու տեսարան լինի: Կինը մատուցարանով դիմավորում է տղամարդ ուն, իսկ վերջինս ձախ ձեռքով միրգ է վերցնում, իսկ աջով բռնել է գինու գավը:
Կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը (շրջանակը) այստեղ արտահայտված է կենցաղային մոտիվներով որը Արցախում, մասնավորապես Խաչենում հազվադեպ երևույթ չէ: Հարկ է նշել, որ մարդու պատկերներով խաչքարեր առաջին անգամ հայտնաբերվել են Խաչենում` Հայաստանի այն մասում, որտեղ ընդհանրապես նախասիրված էր քանդակներով զարդարանքը, ուր վանքերի պատերին, սովորական դարձած կտիտորական խմբերի հետ միասին հանդիպում են բավականին մեծ բարձրաքանդակներով պատկերներ: Այս առումով, տեղի խաչքարերը արժևորվում են ոչ միայն քարարվեստի տեսանկյունից, այլև կարևոր նյութ են պարունակում ժամանակաշրջանի կենցաղը, տարազը և կյանքի որոշ մանրամասնություններ ուսումնասիրելու համար:
Խաչքարի դիմային մասում՝ մատուցարանից ներքև պահպանվել է աղճատված արձանագրություն, որը հավանաբար գրվել է նախքան խաչքարը պատվանդանի մեջ դնելը և այդ պատճառով հինգերորդ տողի կեսը և շարունակությունը մտել են պատվանդանի փոսորակի մեջ: «Մեք/՝ Հևետ/իքայ որ/դիքս՝ Պապա/[ք], Սնպատ, Սարգիս…» (ԴՀՎ 5, 140):
Երկրորդ խաչքարը նույնպես աչքի է ընկնում կատարողական վարպետությամբ և իր զարդամոտիվներով նման է առաջինին։
Խաչքարը հատկապես արժևորվում է թիկունքին փորագրված թվակիր, տասնվեց տողանոց արձանագրությամբ․ «Թի[ւն] ։ՉԲ։ (1253 թ.)։ Իշխանո/ւթի[ւն] Հասանա/յ, ես՝ Սնպատ և/ եղբարք իմ կա/նկեցի զխաչս/ բարէխաւս ա/ռ Ք[րիստո]ս ինձ և ամ/ուսին իմոյ Կատ/ային, զոր ետ պա/րոն մեզ հայրեն/իք և գերեզմա/նայտեղ։ Ք[րիստո]ս/ աւգնէ իւ/ր որդեա/ցն, ամ/են» (ԴՀՎ 1982,140) Այստեղ նույնպես շատ հետաքրքիր է խաչքարի ներքնամասը, ուր շրջանակի փոխարեն կլոր սեղան է, որի վրա շարված են զանազան ուտելիքներ, շուրջը նստած տղամարդ և կին` երեխան գրկին, որը հավանաբար արձանագրության մեջ հիշատակված Սմբատն է, իր կինը Կատան և որդին։
Երկու խաչքարերի վրա ընտանեկան խնջույք է պատկերված, որը Արցախի խաչքարային և տապանաքարային պատկերաքանդակների տարածված թեմաներից մեկն էր։
2022 թվականի մարտի 24-ին, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Ադրբեջանը բռնազավթել է Քարագլխի բարձունքն ու երբեմնի գյուղը։ Այժմ խաչքարերի ճակատագիրն անհայտ է։