Սեպտեմբերի 19․ ամուսինս եկավ ու ինձ համար սնունդ բերեց՝ հնդկաձավար, մի կտոր հաց ու մի կոնֆետ

  • 16:40 28.02.2024

“Հղիությունս ընթանում էր շատ դժվար, թերսնման ու վիտամինների պատճառով ունեի լուրջ խնդիրներ։ Երեխաս ծնվեց 7 ամսական և կշռում էր 1.600գ։ Երեխայիս ծնվելուց հետո մոտ 11 օր պահում էին թթվածնով, մարմնի ջերմաստիճանը չէր բարձրանում, ուտում էր գրամներով։ Ծննդատնից տեղափոխվեցի մանկական հիվանդանոց և 2 օր պառկելուց հետո եկավ անիծված 19-ը։

Կյանքում չեմ մոռանա այդ օրը։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում երեխաս պառկած էր ջերմության կարգավորման սարքի տակ և կաթիլային էր ընդունում։ Ժամը 1-2 կողմերին բարձր ձայն լսեցինք, ամբողջ հիվանդանոցն իրար խառնվեց, հեռվում ծուխ երևաց։ Անջատեցին սարքավորումները և ասացին, որ պատերազմ է սկսվել՝ պետք է իջնենք նկուղ։ Մի քանի ժամ նկուղում մնալուց հետո հասկացա, որ ինչքան էլ վիճակը վատ լինի, երեխայիս ջերմություն է պետք։ Բժիշկի խորհրդով բարձրացանք սենյակ բուժումը շարունակելու համար։ Այդպես անցավ գիշերը։ Հաջորդ օրվա կեսին նկատեցի, որ հիվանդանոցի թե՛ հիվանդները, թե՛ քույրերը կամաց-կամաց չքանում են։ Կապ ընդհանրապես չկար։ Մի կերպ կարողացա զանգել բարեկամներիս իմանալու համար, թե ինչպես են, իսկ ամուսնուս մասին, ով ծառայում էր, լուր չունեի։ Ամբողջ հիվանդանոցը խոսում էր մեր բոլոր խփված զորամասերի մասին։

Ժամանակի հետ պատերազմի ձայները մոտենում էին, և բուժքույրն ասաց, որ ապահովության համար պետք է իջնենք նկուղ։ Նկուղում մատրասներով մահճակալներ սարքեցինք ու մնացինք։

Գնալով վիրավորները շատանում էին, գյուղերից վիրավորված, սոված, մրսած երեխաներ էին բերում։ Հաջորդ գիշերը էլ նկուղում պառկելու տեղ չկար, մահճակալների վրա հազիվ մի քանի երեխաներ էին տեղավորվել։ Ահավոր ցուրտ էր։ Այդ պահին ամուսինս եկավ ու ինձ համար սնունդ բերեց. հնդկաձավար, մի կտոր հաց ու մի կոնֆետ։ Երեխային նույնիսկ չնայեց։ Շտապում էր։ Թողեց ու գնաց։ Ամսի 23-ին արդեն հիվանդանոցում հիվանդ չկար։ Բոլորը գնում էին՝ իրենք էլ չգիտեին ուր, մենակ թե փախչեն։ Հազիվ կապ հաստատեցի մերոնց հետ, իմացա, որ լավ են, բոլորը ողջ ու առողջ են։ Հետո շատ դժվար ամուսնուս զանգեցի, ասաց, որ ջոկատից մի քանի հոգի են մնացել, և չգիտի, ինչ անել։ Ամսի 24-ին ամուսինս եկավ հետևիցս։

Մոտեցա բժիշկ Մ.Կ. -ին, ով ինձ տվեց 2 տուփ կաթնախառնուրդ։ Հայրական տուն նույնիսկ չհասցրի մտնել։ Գնացինք քրոջս տուն, իմացանք ինչպես են և գնացինք գյուղ՝ Լուսաձոր։ Հասանք ցուրտ ու մութ տուն։ Սենյակս կարգի բերեցի, տեղաշորս փոխեցի, երեխայի տեղը սարքեցի։ Այդպես էլ չքնած, գիշերվա 3-ին ամուսինս ասաց, որ հիմա դուրս ենք գալիս և շատ արագ պետք է հավաքվենք։ Չհասկացա, ինչ էր կատարվում, ոնց ենք դուրս գալիս, երեխաս հազար ու մի խնդիր ունի։ Դեռ բուժում չստացած, զոնդով կերակրվող երեխային ո՞նց պետք է դուրս հանեյի։ Վերցրեցի երեխայիս շորերը, տակդիրներն ու ճանապարհ ընկանք։

Մոտ 6 մեքենաներով, բարեկամների հետ դուրս եկանք։ Երեխաս ամբողջ ճանապարհին նորմալ չէր ուտում։ Դե չասեմ ինչ խցանումներ էին։ Մի պահ նկատեցի, որ երեխաս կապտել է։ Շատ դժվարությամբ մարդկանց խնդրեցինք, տեղ տվեցին և ինչքան հնարավոր է առաջ գնացինք։ Ամուսինս բանակի շտապ օգնության մեքենան կանգնեցրեց բժիշկ գտնելու հույսով։ Մի աղջիկ մոտեցավ երեխային և ասաց, որ շտապ թթվածին է պետք։

Ճանապարհի քանդված հատվածով մի կերպ առաջ գնացինք և հասանք ռուսների անցակետ։ Ես ու մայրս երեխային վերցրեցինք և վազեցինք խաղաղապահների մոտ։ Իրենց հրամանատարի մեքենայով հասանք Հակարի։ Թուրքը անցնելիս հարցրեց երեխայի սեռը։ Վախից ես ասացի, որ աղջիկ է, մայրս էլ ասաց` տղա։ Այդ պահին սպասում էինք, որ չեն թողնի անցնենք, բայց հրամանատարը կարգի բերեց ամեն ինչ, ու արագ անցանք։

Կոռնիձորում արդեն մեզ էր սպասում շտապ օգնության մեքենան։ Գնացինք Գորիսի հիվանդանոց, քանի որ չկային համապատասխան բուժօգնության սարքերը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորիսի բժիշկներին, անուն չեմ հիշում, իրենք օգնեցին ուտելիք ու շիշ գնել, մինչև ամուսինս գար հասներ ինձ։ Գորիսի հիվանդանոցում մեզ պահեցին մինչև ամուսնուս գալը։ Ամուսնուս գալուն պես շարժվեցինք դեպի Երևան և նույն գիշերը եկանք Մուրացանի վերակենդանացման բաժանմունք։

Փառք Աստծո, փրկեցինք երեխայիս կյանքը, ով արդեն 6 ամսական է»,- պատմում է Էլինա Աղաջանյանը։

Գրի է առել Հայկ Հարությունյանը

f