
Իլհամ Ալիևը դիմել է «Ղարաբաղի վերականգնումը, վերակառուցումը և զարգացումը» 6-րդ ադրբեջանական միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին։ Նա նշեց, որ «Մեծ վերադարձի առաջին պետական ծրագրի շրջանակներում մեր քաղաքներն ու գյուղերը վերակառուցվում են, և ապահովվում է մեր հայրենակիցների անվտանգ վերադարձը հայրենիք։ Ադրբեջանն այս աշխատանքներն իրականացնում է սեփական ֆինանսական միջոցներով։ Մինչ օրս վերականգնման և վերակառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 25,5 միլիարդ մանաթ»։
Ալիևը շեշտում է, որ օգտագործում է միայն իր սեփական միջոցները։
Բացառությամբ մի քանի փոքր սոցիալական ծրագրերի, աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում և հիմնականում Թուրքիան, ներդրումներ չի կատարում Արցախում։ Ալիևը իրար հետևից համաժողովներ է անցկացնում, բայց չի կարողանում արտաքին ֆինանսավորում ներգրավել։ Նախագահներն ու դեսպանները գալիս են Արցախ, ու՜հ-ու՜հ անում, ապա վերադառնում՝ Ալիևին ոչինչ չխոստանալով։
Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ աշխարհում ոչ ոք, չնայած բարձրաձայն հայտարարություններին, չի ճանաչել Արցախյան հարցի ռազմական «լուծումը» և մտադրություն չունի ներդրումներ կատարել այն տարածաշրջանում, որի կարգավիճակը դեռևս որոշված չէ և որտեղ էթնիկ զտում է իրականացվել։
Ավելին, Ալիևի կողմից եվրոպացի և այլ առաջնորդներին կաշառելու պրակտիկայի վերաբերյալ վերջին բացահայտումները օտարացնում են Բավից ոչ միայն դիվանագետներին, այլև ներդրողներին: Իսկ Հաջիևի վերջին «օպերացիան», որի շրջանակներում նա օտարերկրյա դիվանագետներին տարավ Արցախ, շատերին ընդհանրապես օտարացրեց Ադրբեջանից: Դիվանագետներին Դադիվանքով և Գանձասարով «դժվար» ճանապարհորդությունից հետո հրավիրել էին խնջույքի, սակայն ուղիղ եթերում ցուցադրել, թե ինչպես են նրանք պարում ու զվարճանում: Կան ենթադրություններ, որ դիվանագետներին չեն զգուշացրել նկարահանվելու մասին:
Դրանից հետո Ալիևը թվարկում է, թե ինչ է կառուցել Արցախում տարիների ընթացքում՝ մոռանալով նշել, թե որքան է քանդել և ոչնչացրել՝ փորձելով ջնջել հայկական հետքը: