«Հայտարարությունները, որոնք անում են Հայաստանի դե ֆակտո իշխանությունները, բացարձակ չեն սպասարկում հայկական կողմի շահերը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» նախագահ Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից։
Ըստ Արեգա Հովսեփյանի՝ հասկանալի է, որ սա սպասարկում է միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Նրա խոսքով՝ միջազգային դատական ատյաններում գտնվող գանգատներով պաշտպանվում է հայերի, այդ թվում՝ արցախահայության հավաքական ու անհատական իրավունքները։ «Առաջին հերթին խոսքը վերաբերում է արցախահայերի վերադարձի իրավունքին։ Այս գանգատների միջոցով մենք կարողանում ենք առնվազն միջազգային ատյաններում բաց պահել այս հարցը, խոսել Արցախում հայերի նկատմամբ իրագործած հանցագործությունների մասին, բարձրաձայնել Արցախում հայկական ժառանգության պահպանման մասին։ Եվ այս գանգատները չեղարկելով՝ մենք փաստացի զրկվում ենք այս բոլոր իրավունքներից, որոնց համար մի ամբողջ դիվանագիտական կորպուս տասնամյակներով աշխատել է։ Իրենք փաստացի ոչ թե ինչ-որ գործողություն սկսում են զրոյական կետից, այլեւ զրոյացնում են ամեն ինչ։ Եթե Ադրբեջանի դեմ հայցերը չեղարկեն, դա մեծ հարված կլինի հայկական դիվանագիտությանը, որովհետեւ հետագայում, երբ Հայաստանում լինեն ազգային իշխանություններ, գրեթե անհնար է լինելու վերականգնել կորցրածը»,- ասաց նա։
Արեգա Հովսեփյանը նշում է, որ Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացվել են ոչ միայն միջպետական, այլ նաեւ անհատական գանգատաներ։ Անհատական գանգատների հարցը կմնա օդում կախված, եւ իշխանությունները կարող են այդ գանգատները միացնել միջպետական հայցերին ու դարձյալ չեղարկել։ «Այսինքն՝ սա լուրջ վնաս է պատճառելու ոչ միայն պետական ինստիտուտների գործունեությանը, այլ նաեւ առանձին անհատներին, հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դեմ»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: