Արսեն Թորոսյան․ հավաստագրերի գումարի բարձրացում չի նախատեսվում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող արցախցիների բնակապահովման ծրագրի շրջանակներում հատկացվող հավաստագրերի գումարի բարձրացում չի նախատեսվում։ Այս մասին խորհրդարանում կազմակերպված քննարկումից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

«2027 թվականի բյուջեն ծրագրավորված է այնպես, որպեսզի սպասարկի արդեն տրված հավստագրերը եւ նոր տրվող հավաստագրերը։ Մենք մեր գործընկերներից ստացանք առաջարկություններ՝ շտկումներ անելու ծրագրում, որոնք կդիտարկենք, բայց գումարի բարձրացման որոշում չկա այս պահին»,- հավելեց Թորոսյանը։

Այսօրվա քննարկման ժամանակ արցախցիները բարձրացրեցին անշարժ գույքի գների թանկացման հարցը։ Անդրադառնալով հարցին, որ արցախցիները հավաստագրի շրջանակներում չեն կարողանում տուն ձեռք բերել, Արսեն Թորոսյանն ասաց․ «Բնակարանները թանկացել են բոլոր քաղաքացիների համար, այո, ցավոք սրտի կամ բարեբախտաբար։ Ինչո՞ւ եմ ասում՝ բարեբախտաբար, որովհետեւ դա խոսում է Հայաստանում տնտեսական ակտիվության մասին»։

«Նաեւ այսպիսի ծրագրերն են խթանում, որպեսզի բնակարանները թանկանան, որովհետեւ մենք պետական միջոցներով պահանջարկ ենք ձեւավորում, առաջարկը համապատասխանեցվում է դրան, եւ գները բարձրանում են։ Այս հարցի լուծումներն այնպիսին են, որ պետք է փորձել գտնել տուն, որը համապատասխանում է քո այսօրվա հնարավորություններին։ Մենք առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երեւանում եւ երեւանամերձ համայնքներում, նաեւ այլ համայնքներում, որտեղ կա 5 մլն-ի հնարավորությունը»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ երեւանամերձ համայնքներում հավաստագրի արժեքը մեկ անձի համար 4 մլն դրամ են սահմանել՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ աշխատատեղեր կան հենց երեւանամերձ համայնքներում ու Երեւանում։

«Բայց նաեւ երկրի ընդհանուր զարգացմանը զուգընթաց, մենք պետք է մտածենք ապակենտրոնացման մասին։ Մենք չենք կարող ամբողջ Հայաստանը բերել Երեւանում կամ երեւանամերձ համայնքներում տեղավորել»,- հավելեց Թորոսյանը։

Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանն էլ հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ կառավարությունից ակնկալում են, որ մինչեւ տարվա վերջ այսօր քննարկված հարցերը լուծումներ կստանան։