Կոպիրկինի «կատարյալ փոթորիկը». պատերազմ է պետք, որպեսզի Ռուսաստանը չկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները

  • 08:49 31.03.2024

Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում և լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին զենքի մատակարարման հարցում, 24News հայկական լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես հիմքեր չունեմ կարծելու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է մեր ունեցած համաձայնագրերով։ Ինքս ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում ոչ բարեկամական հայտարարությունները։ Պետք է, որ Ռուսաստանը կատարի՞ իր պարտավորությունները, թե՞ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա չկատարի այդ պարտավորությունները։ Այս հարցը ակամա առաջանում է, ես նախկինում չէի էլ մտածում դրա մասին, բայց հիմա ստիպված եմ»,- ասել է ռուս դիվանագետը։

Ռուսաստանի «փափուկ ուժի» կողմնակից Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, և նրա պաշտոնավարումն ամբողջությամբ համընկնում է Նիկոլ Փաշինյանի կառավարման հետ։ Ռուսաստանի «փափուկ ուժը» և հայկական «ձեռքերը վեր բարձրացրած» հեղափոխությունը ի վերջո հանգեցրին Արցախում «Լավրովի պլանի» ամբողջական իրականացմանը եւ այժմ մնացած Հայաստանի վրա տարածմանը։ Արցախում, չնայած հայ բնակչության արտաքսմանը, ռուսական զորքեր են տեղակայված, Ակնայում գործում է ռուս-թուրքական կենտրոն, և Բաքուն բացահայտ լոբբինգ է անում Մոսկվայի միջնորդական ջանքերը։ Իսկ Հայաստանում ստեղծվել է կոպիրկինյան խորհրդարան, որն ապահովում է ամբողջական կոնսենսուս ռուս-թուրքական ծրագրերի առաջմղման համար. ինչպես ասում են՝ «կատարյալ փոթորիկ»:

«Մենք միշտ հավատացել ենք, և դա հրապարակայնորեն ասվել է, որ հայերի համար կարևոր է ապրել իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում։ Դրանով է բացատրվում ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ։ Ինձ համար սա վկայում է, որ այս հարցը չի վերանում։ Այն ղարաբաղցի հայերը, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունեն։ Ինչպես հասկանում եմ, այդ իրավունքը չի մերժվում ադրբեջանական կողմից»,- ասել է Կոպիրկինը։

ՌԴ դեսպանը, ըստ էության, կարճ հարցազրույցում ուրվագծում է Ռուսաստանի հետագա քայլերը, որոնք կիրականացվեն նաեւ Հայաստանի կառավարության օգնությամբ։ «Վերադարձնենք Ղարաբաղի հայերին» և «ստեղծենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չկարողանա կատարել իր պարտավորությունները».

Ի դեպ Ռուսաստանը «չի կարողանա կատարել իր պարտավորությունները», եթե Հայաստանի վրա հարձակվի Թուրքիան, ինչի հավանականության մասին Փաշինյանը արդեն հայտարարել է Տավուշում։

f