Հայաստանում հաշվառում ստացած արցախցիների թիվն արդեն գերազանցում է 82 հազարը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։
«Այսինքն՝ շուրջ մեկ ամիս անց բոլորը կունենան ՀՀ հաշվառումներ, եւ իրենց սոցիալական իրավունքների իրացման խնդիր չեն ունենա։ Հետո կգա հաշվառման փոփոխության հարցը, հուսանք, որ մինչ այդ մենք որոշակի թվայնացում կունենանք եւ կկարողանանք ավելի արդյունավետ սպասարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց»,- նշեց Ղազարյանը։
Անդրադառնալով անձնագրային բաժանմունքների հերթերին՝ նա ասաց. «Դա կախված է այն ահռելի ծանրաբեռնվածության հետ, որը կարող ենք ճգնաժամային համարել մեր համակարգի համար։ 2023 թվականը մեր համակարգի համար եղել է ճգնաժամային տարի։ Խնդրում եմ, հաշվի առեք, որ համակարգում միանգամից ավելացել է 100-120 հազար մարդ, որոնց անհրաժեշտ է սպասարկել։ Եվ նրանց տեղակայվածությունը հիմնականում Երեւանում եւ երեւանամերձ մարզերում է։ Համակարգի կարողությունները շատ չեն փոխվել, բայց պահանջարկն աճել է մի քանի անգամ»,- ասաց նա։
Բռնի տեղահանված արցախցիները, որոնք չեն կարողանում ամիսներ շարունակ հաշվառվել Հայաստանում, չեմ կարողացել ստանալ նաեւ իրենց թոշակները։ Հարցին, թե հաշվառվելուց հետո այդ մարդիկ կստանա՞ն իրենց նախորդ ամիսների թոշակները, Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, դա պետք է պարզաբանի աշխատանքի եւ սոցիական հարցերի նախարարությունը։
Անդրադառնալով արցախցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներին, Ղազարյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ստացվել է շուրջ 1500 քաղաքացիության դիմում, ՀՀ նախագահի հրամանագրով արդեն քաղաքացիություն է շնորհվել 1000 արցախցու։
«Մարդիկ միֆական պատկերացում ունեն, որ քաղաքացիություն ստանալու դեպքում որոշակի իրավունքներից կզրկվեն, բայց դա իրական չէ։ Քաղաքացիություն ստանալու պարագայում անձը որեւէ իրավունքից չի զրկվում, եթե չասենք, որ որոշակի հավելյալ իրավունքներ է ձեռք բերում, օրինակ, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: